a


Թեև վաղուց արթնացել եմ, բայց ծուլանում եմ դուրս գալ տաքուկ անկողնուց: Դե, ի՞նչ ունեմ շտապելու: Ամուսինս՝ Արամը, միևնույնն է, արդեն աշխատանքի է գնացել, իսկ առօրյա տնային գործերը դեռ կսպասեն: Արամի անունը նույնիսկ մտքում արտաբերելիս սիրտս ջերմությամբ է լցվում: Ակամա զգում եմ, թե ինչպես են շուրթերս ձգվում ժպիտից: Արդեն հինգ ամիս է, ինչ ամուսնացել ենք, բայց մինչև հիմա էլ ասես երազում լինեմ ու շատ եմ վախենում, որ կարթնանամ և երազը հօդս կցնդի: Ամուսինս բարձրահասակ է, թիկնեղ, մի քիչ թուխ մաշկով, ընկերուհիներս նույնիսկ կատակում են, որ նրա արևայրուքը մշտական է: Կասկած չունեմ, որ բոլորն ինձ նախանձում են: Այդ էր պակաս, որ չնախանձեին, այդպիսի ամուսին ոչ ոք չունի. Վալենտինայի ամուսինը հարբեցող է, հարբած ժամանակ նույնիսկ ագրեսիվ է դառնում, Անաստասիայի ամուսինն արդեն տաս ամիս է, ինչ չի աշխատում և կնոջ վզին է նստած, Լենան ընդհանրապես ամուսին չունի, և արդեն որերորդ անգամ անհաջողություն է կրում իր որոնումներում: Իսկ իմ Արամը չի խմում, ուղղակի տաղանդավոր ծրագրավորող է, բարձր աշխատավարձ է ստանում, ապրում ենք մեր սեփական, այլ ոչ թե ինչ-որ հիպոտեքով վերցված բնակարանում, այնքան ապահովված ենք, որ ես կարող եմ ոչ միայն ինձ թույլ տալ չաշխատել, այլև բրենդային խանութներից հաճախակի գնումներ եմ անում: Իհարկե, հեշտ չէր Արամի ուշադրությունը գրավել: Մեր առաջին հանդիպումն աշխատավայրում էր: Երբ դուռը բացվեց և ներս մտավ երկար սպասված համակարգչային մասնագետը և մեր հայացքները հանդիպեցին, իմ հայացքն ուղղակի խորտակվեց նրա սևորակ աչքերի հորձանուտներում: Իմ առաջին միտքն էր. «Մարիա Կուզնեցովա, դու կորած ես»: Իսկ երկրորդ միտքն այսպիսին էր. «Նա անպայման պետք է քոնը լինի»: Ու հիմա ես եմ նրա կինը այլ ոչ թե ամեն քայլափոխի նրան հետապնդող կանանցից որևէ մեկը: Եվ իմ ամուսինը կատարյալ է, իսկական տղամարդ, ում հետ քեզ զգում ես ապահով ու պաշտպանված… Բայց այնուամենայնիվ մի թաքուն տագնապ, որն առայժմ ինձ համար էլ հասկանալի չէ, սև օձի պես սողոսկվում է սիրտս ու ստիպում է ամեն օր գաղտնի ստուգել նրա հեռախոսը, գրպանները, վերնաշապիկի օձիքը, հոտոտել հագուստը…Ինչ խոսք, այդ պահին ես ինձ անհարմար եմ զգում, ասես գողություն անելիս լինեմ, բայց անդիմադրելի մի ուժ ստիպում է դա կրկնել և կրկնել ամեն օր…
Խոհանոցից հնչում է բջջայինիս զանգը: Այ քեզ բան, ինչպե՞ս է պատահել, որ բջջայինս թողել եմ խոհանոցում, այլ ոչ թե դրել եմ մահճակալին կից գզրոցում, ինչպես սովորաբար անում եմ: Մինչ ես ալարկոտ շարժումներով կհագնվեի, զանգն ընդհատվում է: Դուրս գալով ննջարանից՝ քայլերս ուղղում եմ դեպի խոհանոց: Ձեռքս եմ վերցնում հեռախոսը, լուսավորում եմ էկրանը, որին հայտնվում է ոչինչ չասող մի անծանոթ հեռախոսահամար: «Այդ էր պակաս, որ ետ զանգեի: Եթե իրենց պետք է, էլի կզանգեն»,- մտածում եմ և միացնում սրճեփ սարքը:
Լվացարանի մեջ դեռ երեկվա ընթրիքից հետո մի քանի ափսեներ են մնացել: Պետք է արագ լվանալ դրանք և տեղավորել: Սարսափելի չեմ սիրում որևէ թափթփվածություն, բայց երեկ Արամն այնքան ուշ և հոգնած տուն եկավ, որ ոչ մի հոգատար կին չէր համարձակվի խանգարել նրա հանգիստն ափսեների չխկչխկոցով:
Կուշտ նախաճաշելուց և առավոտյան սուրճը վայելելուց հետո մաքրությամբ զբաղվելու ժամանակն է: Ես միացնում եմ փոշեկուլը և ինչպես միշտ առաջին հերթին մաքրում եմ ննջարանը ու երբ փոշեկուլը ետևիցս քարշ տալով մտնում եմ ճաշասենյակ, նկատում եմ աթոռի թիկնակին կախված պիջակը, որով Արամը նախորդ օրն աշխատանքի էր գնացել: «Դարձյալ թողել է աթոռի թիկնակին: Քանի անգամ եմ զգուշացրել, որ իր իրերն այս ու այն կողմ չգցի, բայց միևնույնն է՝ ոչ մի արդյունք»,- կիսաձայն փնթփնթում եմ, վերցնում եմ պահարանում կախելու համար և սովորականի պես սկսում եմ ստուգել գրպանները, և, ա~յ քեզ բան… սուպերմարկետի մի քանի կտրոնների արանքից դուրս է սողում մի այցեքարտ, որի ուղիղ կենտրոնում, բավականին խոշոր, գեղեցիկ գունավոր տառերով գրված է. «ՔԱՂՑՐ ՐՈՊԵՆԵՐ», որից վեր պատկերված են կարմիր սրտիկներ, իսկ ներքևի հատվածում արդեն ավելի փոքր տառերով ավելացված է.«Երանելի պահեր, որոնք անմոռանալի կմնան ձեր հիշողության մեջ»: Այնուհետև՝ հասցե և հեռախոսի համար: Այս ի՞նչ է, օ~ սարսափ, մի՞թե իրականություն են դառնում իմ այն տագնապալի մտքերը, որ ժամանակ առ ժամանակ տանջում ու հանգիստ չէին տալիս: Ահա~ թե ինչու է Արամն այդքան երկար մնում աշխատատեղում, ահա~ թե ինչու երեկ այդքան ուշ ու հոգնած եկավ տուն… Հույզերը խեղդում են ինձ… Տագնապը փոխարինվում է խանդով, ապա՝ զայրույթով, զայրույթը վերածվում է կատաղության, ես պատրաստ եմ սպանել նրան…Վիրավորանքից ու ցավից աչքերս արցունքով են լցվում: Ես պետք է հենց հիմա խոսեմ մեկնումեկի հետ, պետք է պատմեմ մեկնումեկին, թե չէ կխելագարվեմ: Դողացող ձեռքերով վերցնում եմ բջջայինս ու արցունքից շաղված աչքերով մի կերպ գտնում եմ Վալենտինայի հեռախոսահամարը: «Գրողը տանի, Վալենտինա, վերցրու հեռախոսը»: «Ոչ, չի պատասխանում, ո՞ւր է Լենայինը»: Ասես նայում եմ, բայց չեմ տեսնում:
-Լենա, խնդրում եմ, շատ եմ խնդրում, որքան հնարավոր է շտապ ինձ մոտ արի,-կարծես ինչ-որ տեղ, շատ հեռվից լսում եմ իմ ձայնը և մի կերպ շարժելով ծանրացած լեզուս փորձում եմ թրջել չորացող շրթունքներս…«Հանգստացիր, հանգստացիր»,- ուղեղիս մի անկյունից փորձում է դուրս լողալ ողջամտությունը, բայց հույզերը խեղդում են նրան: Ես սենյակի մի անկյունից մյուսն եմ քայլում՝ հայացքս չկտրելով պատի ժամացույցից, որի սլաքներն ասես դավաճանաբար կանգ առած լինեն… «Լենա, խնդրում եմ, շտապիր»… Պատառիկներով դուրս պրծնող ողջամտությունն ինձ հուշում է, որ Լենան այնքան էլ լավ խորհրդատու չէ, նրա անձնական կյանքը մեղմ ասած այնքան էլ հաջողակ համարել չի կարելի, թեև նման հարցերում նա բավականին մեծ փորձ ունի: Նրա առաջին ամուսինը դավաճանում էր իր ընկերոջ կնոջ հետ, իսկ երրորդը՝ պարզվեց, ևս մի ընտանիք ունի և հերթով «գործուղման» է գնում նախ՝ մեկի, ապա մյուսի մոտ, նրա երկրպագուները հաջորդում են մեկը մյուսին ու ոչ մեկի հետ նա չի կարողանում երկարատև հարաբերություններ կառուցել: Բայց ես այլ ելք չունեմ, պետք է չէ՞ ինչ-որ մեկի հետ կիսեմ իմ ցավը:
Լենան ապշահար ուսումնասիրում է այցեքարտը: Նրա դեմքն այնպիսի արտահայտություն ունի ասես տեսնում է Լուսնի ետևի կողմը: Ես արցունքների միջով նայում եմ Լենայի դեմքին և թաքուն հույս եմ փայփայում, որ նա ուրորէ կասի, որ դա ճշմարիտ չէ, որ ինձ միայն թվացել է, որ սա երազ է ու ես շուտով կարթնանամ: Բայց ոչ մի նման բան տեղի չի ունենում, իսկ Լենայի լռությունը, որն ինձ մի ամբողջ դար է թվում, երկարում է:-Ինչ-ինչ, բայց Արամից այսպիսի բան ո՞վ կսպասեր,- վերջապես ոչ այն է՝ զարմանքով, ոչ այն է՝ հիասթափված արտաբերում է Լենան,-բայց կարծում եմ, լացով գործին չես օգնի:
Մի պահ անց Լենայի դեմքի արտահայտությունը փոխվում է, նրա բիբերը նեղանում են, Ճակատին կնճիռներ են գոյանում: Ինձ շատ լավ է հայտնի նրա դեմքի այդ արտահայտությունը: Դա նշանակում է, որ նա կարևոր վճիռ է կայացնում:
-Մենք պետք է անմիջապես գնանք այս հասցեով և տեղում պարզենք ամեն ինչ,- արդեն գործնական ձայնով առաջարկում է Լենան:
…..
Երբ տաքսին նշված հասցեում կանգ է առնում և մենք վերջապես դուրս ենք գալիս մեքենայի նեղ խցիկից, մուտքի դռան վերևում անմիջապես նկատում ենք ցուցանակը՝ «ՔԱՂՑՐ ՐՈՊԵՆԵՐ», որը տառատեսակի ընտրությամբ և գույներով նույնությամբ կրկնում է այցեքարտում պատկերվածը: Սրահի դեպի փողոց նայող պատն ամբողջությամբ ապակեպատ է, այնպես որ դրսից երևում է ամբողջ սրահը: Սրահի ձախ պատի մոտ դրված է մուգ կարմիր, ավելի շուտ հասած բալի գույն հիշեցնող մի կաշվե բազմոց, որը անկյուն կազմելով շարունակվում է դեպի մյուս՝ մուտքի դռանը հանդիպակաց պատը, որի վրա պարզ չէ, թե դեպի ուր տանող երկու դռներ կան, բազմոցի առաջ կա ամսագրերի համար նախատեսված ցածրիկ մի սեղան, որի վրա խառնիխուռն լցված են մի քանի բուկլետներ: Բազմոցի անմիջապես վերևում կախված է բավականին անհեթեթ մի պաստառ, որում պատկերված են ծովափնյա բացօթյա սրճարանում իրենց հանգիստը վայելող մի քանի գեղեցկադեմ և շատ սեքսուալ արտաքին ունեցող աղջիկներ, որոնք լողազգեստով են, իսկ պաստառի աջ կողմում նույն մակագրությունն է, ինչ այցեքարտի վրա. «Երանելի պահեր, որոնք անմոռանալի կմնան ձեր հիշողության մեջ»: Ամեն ինչ այնքան խոսուն է, որ այլ կերպ ընկալել հնարավոր էլ չէ, համենայն դեպս, ես միանգամից այդպես էլ ընկալում եմ պաստառի նշանակությունը: Սրահի անմիջապես մուտքի դռան մոտ նստած է անվտանգության աշխատակցի հագուստով մի երիտասարդ, իսկ մյուս պատի մոտ, երկար մի սեղանի մոտ նստած է սպիտակ վերնաշապիկով շիկահեր մի աղջիկ, ում վերնաշապիկի կոճակներն արձակված են այնքան, որ համարյա թե երևակայության համար տեղ չեն թողնում: Սեղանի տակ երևում են նրա բարեկազմ ոտքերը, որոնք կարճ կիսաշրջազգեստի տակից ինձ այնքան սեքսուալ են թվում, որ խանդից ու վիրավորանքից սիրտս միանգամից կանգ է առնում, շունչս կտրվում է, մի անդիմադրելի ուժ ինձ ներս է մղում: Ես բացում եմ սրահի դուռը և ներս եմ մտնում: Ամբողջ սրահով մեկ տարածված է այդ «օրիորդի» օծանելիքի քաղցր, վանիլային հոտ հիշեցնող բույրը, որն իհարկե ցանկացած տղամարդու կարող է խելքահան անել: «Օրիորդն» անմիջապես տեղից վեր է կենում և ժպտալով ընդառաջ է գալիս: Այդ ժպիտն ինձ վերջնականորեն հանում է հունից:
-Ախ, դու սրիկա, ամուսնուս քեզանով ես արել ու դեռ ժպտո՞ւմ ես,-լսում եմ իմ ձայնը: Մարմինս ինձ չի ենթարկվում, ասես ինչ-որ դև է մտել մեջս, որը կատվի ճարպկությամբ հարձակվում է, հարվածում, ճանկռոտում, նորից հարվածում… Ես պատրաստ եմ խեղդամահ անել նրան… Բայց հաջորդ պահին անվտանգության աշխատակիցն արդեն բռնում է ձեռքերս, ոլորում է դեպի ետ ու բռնի ուժով ինձ դուրս բերում սրահից…
-Խելագա~ր, աննորմա~լ,- ետևից լսվում է աղջկա ձայնը:
Ես փորձում եմ դուրս պրծնել անվտանգության աշխատակցի ճանկերից, նորից ներս մտնել, բայց նա այնպես է կալանդել ինձ, որ ոչ մի շարժում անել չեմ կարողանում…Հետո նա ինձ անշունչ առարկայի պես հրում է դեպի մայթեզրը ու բղավում.
-Մի անգամ էլ այստեղ երևացել ես, ոստիկանություն կկանչեմ:
Լենան, որ վախվորած հետևում է այդ ամենին, արագ թևանցուկ է անում ինձ և ուղղակի քարշ տալիս դեպի մոտակա սրճարանը:
Սրճարանն այնքան էլ մարդաշատ չէ: Մենք տեղավորվում ենք առաջին իսկ ազատ սեղանի մոտ: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հանգստանալ, անդադար խոսում եմ ու խոսում, իսկ Լենան համբերատար լսում է, ժամանակ առ ժամանակ հավանության նշաններ ցույց տալով: Բայց երբ վերջապես մատուցողը սուրճով ու գինով լի բաժակները սկուտեղի վրա մոտենում է մեր սեղանին Լենան աշխուժանում է: Բոլորին է հայտնի, որ կյանքի ամենավատ պահերին նույնիսկ մի գավաթ գինին միշտ, ոգևորում է, ուժ է տալիս, վատ տրամադրության դեպքում բարձրացնում տրամադրությունը, անելանելի թվացող իրավիճակներում ելքեր հուշում: Այո, գինին այն է, ինչը հիմա անհրաժեշտ է ինձ: Պետք է ուշքի գալ և ոչ թե սրտով, այլ՝ բանականությամբ առաջնորդվելով հասկանալ հետագա անելիքը: Այն ինչ եղել է, այլևս փոխել չի լինի, բայց ես հո չե՞մ կարող ձեռքերս ծալած նստել: Գործել է պետք: Իսկ ինչպե՞ս:
-Ես գիտեմ, թե ինչ է պետք անել: Պետք է պատժել Արամին: Նա, կարծում եմ, քեզ սիրում է և հազիվ թե ուզենա քեզ կորցնել: Դու պետք է դիմես դատարան, իբր ուզում ես դավաճանության համար բաժանվել նրանից: Դա նրան այնպես խելքի կբերի, որ այլևս մտքի ծայրով նույնիսկ այդպիսի բան չի անցկացնի: Իսկ մինչ այդ, կարծում եմ, ճիշտ կլինի տեղափոխվես ինձ մոտ, որպեսզի Արամը չմտածի, թե ձեր բաժանումը լուրջ չէ:
Միտքն ինձ որոշակիորեն դուր է գալիս: Ես իհարկե Արամից բաժանվել ոչ մի դեպքում չեմ ուզում, բայց ի՞նչ վատ բան կա մի փոքր ներկայացում սարքելու մեջ: Թերևս այդպես էլ անեմ: Թող հասկանա, որ ես այն հավերից չեմ, որ կարելի է նստեցնել տանն ու աջ ու ձախ դավաճանել:
…..
-Ոտքի, դատարանն է գալիս:Մի քանի օր է անցել մինչև դատը և այս օրերի ընթացքում Արամը բազմիցս փորձել է կապվել ինձ հետ, զանգահարել է, հերթապահել է Լենայի տան մոտ, փորձել է անգամ ուժով ներս մտնել, բայց ես հաստատ որոշել եմ՝ ներկայացումը պետք է խաղալ մինչև վերջ, որպեսզի դա Արամի համար դաս լինի ամբողջ կյանքի համար: Ու հիմա հաճույք եմ ստանում այդ մտքից, նախապես վայելելով իմ փոքրիկ վրեժխնդրության և ապագա հաղթանակի արդյունքները:
Դատավորը միջին տարիքի, ակնոցներով, ճակատի հատվածում մի քիչ ճաղատացող երկարավուն դեմքով մի տղամարդ է, որի դեմքն այնքան անթափանց է, որ ավելի շուտ մարմարյա արձան է հիշեցնում, այլ ոչ թե մարդկային դեմք: Նա ոտքից գլուխ զննում է ինձ, ապա Արամին: Նրա այդ հայացքն ինձ սթափեցնում է, միանգամից վերադարձնում է իրականություն ասես զգուշացնելով, որ սա ներկայացում չէ, սա ինքը՝ կյանքն է ու այս ամենն իրոք կատարվում է ինձ հետ: Ինչ-որ հեռավոր տագնապ փորձում է սողոսկվել սիրտս ու ինձ հանգստացնելու համար ես մտքում կրկնում եմ.«Մարիա Կուզնեցովա, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի…» Հենց այդ պահին դատավորը թխկացնում է սեղանին դրված իր մուրճիկը: Դա նշանակում է, որ դատական նիստն արդեն սկսվել է:
-Հայցորդ, ինչո՞ւ եք ուզում բաժանվել Ձեր ամուսնուց:
-Նա ինձ դավաճանել է,- լսում եմ դողացող ձայնս:
-Պատասխանող, դավաճանե՞լ եք Ձեր կնոջը:
-Ո~չ, իհարկե, ոչ,- ապշած հայտարարում է Արամը:
Նա, հաստատ, անակնկալի է եկել, որովհետև ես մինչև անգամ հարկ չեմ համարել նրա համար անհասկանալի իմ վարքագծի վերաբերյալ նույնիսկ բացատրություն տալ: Նրա դեմքին անկեղծ զարմանք կա: Բայց ես հո լավ գիտեմ, որ Արամը ստել չի կարողանում: Նույնիսկ ամենափոքրիկ, անմեղ ստի դեպքում նա կարմրում է խեցգետնի նման, խոնարհում է հայացքը, իսկ դեմքն այնպիսի արտահայտություն է ստանում, որը մեղավորության զգացումից բացի ուրիշ բան չես կոչի: Իսկ հիմա նրա դեմքը միայն տարակուսանք է արտահայտում: Ես ոչինչ չեմ հասկանում… Մի՞թե ես իմ ամուսնուն չեմ ճանաչել… Ինչպե՞ս կարող էր նա այդքան երկդիմի լինել, ստել ու նույնիսկ չկարմրել…«Դու ստում ես»,-ուզում եմ ճչալ ես, բայց դրա փոխարեն պարզապես ասում եմ.
-Պարոն դատավոր, ես վկա ունեմ, ով կհաստատի ամուսնուս դավաճանությունը:
-Կանչեք վկային,- կատարածուին կարգադրում է դատավորը:
Ներս է գալիս Լենան:
-Մաշա,- Արամն ինձ միշտ այդպես է դիմում,- սա՞ է քո վկան: Իսկ գիտե՞ս, որ նա ինքն էր ինձ առաջարկություն անում, բայց ես ասացի, որ միայն քեզ եմ սիրում…
-Սուտ է, Մաշա, չհավատաս, նա պարզապես կնամոլի մեկն է,-առարկում է Լենան:
-Անմիջապես դադարեցրեք մտքերի փոխանակությունը,-զայրանում է դատավորը:
Իսկ իմ մտքում հառնում է այն օրվա հիշողությունը, երբ Լենան իր Վոլոդյայից բաժանվելուց հետո մեզ հյուր էր եկել: Այդ ե՞րբ էր: Հա~, մենք դեռ երկու ամիս էր, ինչ ամուսնացել էինք: Պատառիկներով հիշողությանս մեջ արծարծվող պատկերներն աստիճանաբար միանում են և ֆիլմի ժապավենի նման վերականգնում այդ օրվա դեպքերի հաջորդականությունը. նախ, ես խոհանոցում եմ, իսկ Արամն ու Լենան ճաշասենյակում, հետո խոհանոց է գալիս Արամը ու առաջին անգամ կյանքում առաջարկում է օգնել ինձ խոհանոցում, մի քիչ անց խոհանոց է գալիս Լենան ու նույնպես իր օգնությունն է առաջարկում: Այդ օրը մենք հենց խոհանոցում էլ խմում ենք սուրճը, բայց Լենայի գնալուց հետո Արամն ասում է, որ ինքն այդ Լենային մեր տանը տեսնել չի ուզում.«Ես իհարկե չեմ կարող քեզ արգելել նրա հետ ընկերություն անել, բայց նրա հետ հանդիպիր կամ դրսում, կամ թող գա միայն այն ժամանակ, երբ ես տանը չեմ»: Օ~… Աստվա~ծ իմ… Մի՞թե Լենան էլ… Այս ի՞նչ է, ինձ բոլորը դավաճանո~ւմ են…
-Լենա, դու ինչպե՞ս կարող էիր…
Լենան չի պատասխանում և միայն ուսերն է թոթվում: Ինձ համար հանկարծ պարզ է դառնում, թե ինչու նա խորհուրդ տվեց, որ ամպայման դատարան դիմեմ, որ տեղափոխվեմ իր մոտ ու անդադար պնդում էր, որ Արամը մինչև դատը չպետք է իմանա բաժանման իրական պատճառի մասին… Իսկ եթե Արամն իսկապե՞ս բաժանվի… Լենան երևի միայն ուրախ կլինի դրա համար, չէ՞ որ ես հիմա, կարելի է ասել, կանգնած եմ նրա ճանապարհին …
-Վկա, ի՞նչ կասեք: Ձեզ հետ է դավաճանել պատասխանողը:
-Ոչ, պարոն դատավոր, ամեն ինչ սկսվեց այցեքարտից…
Լենան շարունակում է խոսել, բայց ես արդեն նրան չեմ լսում: Գլխումս սարսափելի խառնաշփոթ է: Ամեն ինչ այնպես է իրար խառնվել, որ ես չեմ հասկանում արդեն, թե որն է իրականությունն ու որը՝ ոչ, որն է տեղի ունեցել անցյալում և ինչ է տեղի ունենում հիմա… Հանկարծ գիտակցությանս մեջ հնչում է Արամի ծիծաղը, իրակա՞ն է դա, թե ինձ է թվում… Դեմքս շրջում եմ նրա կողմը… Ա~յ քեզ բան: Արամն իսկապես ծիծաղում է:
-Պարոն դատավոր, կարող եմ ես էլ իմ վկային կանչել, բայց երևի որոշ ժամանակ կտևի մինչև նա գա,- ծիծաղի միջից հազիվ կարողանում է արտաբերել նա:
Դատավորն ընդմիջում է հայտարարում: Լենան փորձում է ինձ մոտենալ, բայց ես ասում եմ, որ չեմ ուզում խոսել նրա հետ: Արամն ինչ-որ տեղ անհայտանում է ու ես մնում եմ միայնակ իմ դժբախտության ու մտքերի հետ…
-Ոտքի, դատարանն է գալիս:
Մուրճիկի հարվածով դատական նիստը վերսկսվում է:
-Պատասխանող, Ձեր վկան եկե՞լ է:
Արամի հաստատական պատասխանից հետո ներս են հրավիրում վկային: Նրա տեսքից ես պարզապես անակնկալի եմ գալիս, վիրավորանքից քիչ է մնում լաց լինեմ: «Մի սրան տեսեք, առանց ամաչելու դեռ համարձակվել է այստեղ գալ»,-զայրանում եմ հաջորդ պահին: Արամն էլ լավն է, քիչ է, որ դավաճանել է հիմա էլ այդ «օրիորդին» է այստեղ քարշ տվել:
-Վկա, ո՞ւմ եք ճանաչում այստեղ գտնվողներից:
-Այս խելագարին,- մատնացույց է անում ինձ «օրիորդը»,- հասկանո՞ւմ եք, ես ինձ համար հանգիստ նստած եմ իմ աշխատավայրում, իսկ այս աննորմալը ոչ այս կողմ, ոչ այն կողմ, ներս է մտնում ու հարձակվում է վրաս, հարվածում է, ճանկտռոտում առանց պատճառի:
-Իսկ պատասխանողին վաղուց եք ճանաչո՞ւմ,-հարցնում է դատավորը:
-Ոչ, ի՞նչ եք ասում, ես նրան առաջին անգամ այստեղ տեսա այն բանից հետո, երբ նա զանգահարեց, բացատրեց ամեն ինչ և խնդրեց վկայություն տալ:
Արամըդարձյալ քահ-քահ ծիծաղում է.
-Մաշա, ես քեզ չեմ դավաճանել: Այս աղջիկը «Քաղցր րոպեներ» կոչվող խմորեղենի արտադրամասի մենեջերն է, իսկ այցեքարտը Անդրեյն էր տվել, որպեսզի քո ծննդյան օրվա կապակցությամբ տորթ պատվիրեմ, քանի որ այդտեղի տորթերը շատ համեղ են: Չէ՞ որ մի քանի օրից քո ծննդյան օրն է, քո առաջին ծննդյան օրը մեր ամուսնությունից հետո: Ես ընդամենն ուզում էի քեզ անակնկալ անել…Ես կարծես թե սկսում եմ ամեն ինչ հասկանալ: Քաղցր րոպեները… Տորթը… Վանիլի հոտով օծանելիքը.. «Երանելի պահեր, որոնք անմոռանալի կմնան ձեր հիշողության մեջ» մակագրությունը… Ի~նչ հիմարն եմ ես… Խոսք չունեմ ասելու… Ամոթից գետինն եմ մտնում… Եվ միայն՝ «Մարիա Կուզնեցովա, դու կատարյալ ապուշ ես»,- հնչում է գիտակցությանս մեջ…