Խաչելություն...
Չարչարանաց Ուրբաթ...
Այսօր առավել քան երբևէ
մարմնիս վրա զգացի
տառապանքդ, Տեր:
Ձեռքերիդ մխրճվող
սուր ցավից խենթացած
ես ոռնում էի ինքնակորույս:
Ոտքերս գամված
քո խաչափայտին
Ես կանչում էի ձայնիդ միացած.
"Աստված իմ, Աստված իմ,
Ինչո՞ւ դու ինձ լքեցիր..."
Ես տանջվում էի
ցավից անսահման,
Մինչդեռ ներքին ձայնս
կռվում էր ինձ հետ,
Թե` դո'ւ հեռացար նրանից
տարիներ առաջ,
Իսկ հիմա ժամանակն է
մեղքերդ ընդունես
ու բարձրանաս վեր,
Որտեղ քո հայրն է սպասում`
կարոտն իր սրտում:
...իսկ վաղը լիալուսին է...
Շ. Վ. - 3/30/2018
Լիալուսին, չարագործ ամբոխ և խաչելություն...
Ասում են` լիալուսնի ժամանակ մարդիկ խենթանում են,
Բայց նրանք խենթ չէին, այն խաչողնորը`
Նրանք չարասիրտ անհոգիներ էին,
Ովքեր օգտվելով հրեական տոնի լուսնի փուլերից,
Գազանաբարո իրենց էությունը լուսնին վերագրելով
Քեզ խաչին գամեցին` տոնելով իրենց հաղթանակները:
Կատաղած ամբոխի պիղծ հոգիներից վշտացած`
Հայր Աստված փակեց իր աչքերն ամուր,
Որ չտեսնի միածին որդուն խաչափայտին գամված:
Եվ այդժամ երկինքը մթնեց ու մռայլվեց այնքան,
Որ հանուն հավիտյան խավարի երկրում
Աստված պատրաստ էր կույրի պես ապրել։
Բայց երբ հասկացավ, որ նրանք չեն գիտակցում
Թե ինչ են անում, մեծանուն տերը ներեց բոլորին:
...Եվ ցավը սրտում ու խիստ դառնացած,
Աստված հեռացավ կրկին բոլորից,
Այս անգամ` հավետ,
Թողնելով նրանց ազատ կամք ապրելու...
Շ. Վ. - 3/30/2018
Այս դատարկ տան մեջ
Ուրվական է շրջում.
Իմ ուրվականը...
Այ, թե ինչ արեցիր,
Երբ հոգիս թաղեցիր:
Այսքան տարի անց
Կեղծիքի ու ստի
Նյութերից ձուլված
Պալատ սարքեցիր
Ու նվիրեցիր
մեղքերիդ դիմաց։
Դղյակներ ինձ պետք չեն,
Ես ուրվական եմ
Եվ ողջ աշխարհն եմ
Ոտքիս տակ առել։
Վերադարձնում եմ քեզ
Ունայնությունդ ահա.
Այն քեզ պետք կգա:
Լցրու դատարկ կյանքդ
Ունայնությամբ ունայն
Եվ վայելիր տորիչելյան
Դատարկությունն անսահման:
Իսկ ես հեռանում եմ,
Այս անգամ ընդմիշտ.
Չէ՞ որ ուրվական եմ հիմա:
...Բայց ուր էլ գնամ,
Հոգուս դատարկությունը
Չեմ կարող լցնել...
Շ.Վ. - 3/15/2018
Կնճռոտված ճակատագիրդ
վարակիչ էր, գիտե՞ս։
Երբ մի օր փորձում էի
հարթել ճակատիդ ծալքերը հատ-հատ,
Ես հանկարծ ծերացա։
Ծերացա այն մտքից,
Որ ես ու դու
մեր չապրած կյանքն ենք կորցրել։
Ես քեզ կորցրել եմ`
Համարելով գտած,
Իսկ դու ինձ գտել ես`
Կարծելով, թե
կորսված եմ հավետ։
Դու քո կյանքն ունես
ու մի բարդ ճակատագիր,
Որի խորունկ ակոսների մեջ
Ես ինձ եմ փնտրում
ու իմ ապագան։
Բայց ես նույնիսկ քո ներկայում չեմ,
Ոչ էլ անցյալդ ես դու ինձնով լցրել։
Ասա, քո կյանքում
ո՞վ եմ ես եղել։
Գուցե զուտ մի միտք,
Որ գանգատուփիդ մեջ
միայնակ փակված
ինձ ես միշտ տենչում։
Դու ինձ սիրում ես,
Բայց անհետ փախչում
սեփական մտքից։
Մտքիցդ հանես`
Քեզնից ո՞ւր փախչես։
Միտքը ի՞նչ է որ
Ապրածդ կյանքի մեղքերի դիմաց։
Սպանիր մտքերդ,
Վանիր քո գլխից`
Հանուն ճակատիդ խոր ակոսների.
սպանելուց վատ է
կարոտից այրվելը անհույս։
Շ. Վ. - 2/8/2018
Հիմա ես նման եմ
Փոթորկից հետո
Հանդարտված ծովի,
Անձրևից հետո
Ծիածան երկնած
Երկնակամարի,
Խավարից հետո
Բոցկլտացող
Պայծառ մի լույսի,
Արցունքից հետո
Ուրախ ժպտացող
Մի երեխայի։
Թողեք, որ հոգիս
Միշտ մաքուր մնա.
Ձեր պիղծ աշխարհներն
Ինձ համար չեն։
Իմ մոլորակում
Ցավ ու վիշտ չկա.
Կեղծ ու պիղծ մարդիկ
Տեղ չունեն այնտեղ։
Թողեք հեռանամ
Ձեզանից հեռու,
Որ ինձ կարոտեք...
Բայց այլևս երբեք
Դուք ինձ չգտնեք...
Շ. Վ. - 1/5/2018
ՄԱՀ ԷԼ ԿԱ` ՄԱՀ ԷԼ
Մահ կա` հոգիդ է տանում այլ աշխարհ,
Մահ էլ կա` գցում է քեզ չգոյության մեջ,
Որտեղ տիրում է հավիտյան
Ունայնությունն ունայնության։
Երեկ ես կամավոր գնացի այնտեղ`
Իմ իսկ որոշմամբ և ստորագիր հաստատմամբ։
Եվ այնտեղ ես տեսա
Խավարն անծայրածիր ու հավիտենական։
Ուրեմն` ես հասել էի
Աստծո նախասկզբնական ժամանակների՞ն,
Երբ լույսը ստեղծելուց դեռ դարեր առաջ
Աստծո հոգին էր շրջում ջրերի վրա.
Եվ ամենուր խավար էր համատարած...
Այս ի՞նչ հեգնանք է ճակատագրի։
Չէ՞ որ ես այնտեղ ոչինչ չէի զգում,
Չէի տեսնում ոչինչ` չէի լսում հոգուս.
Եվ ժամանակն էր կանգնել առհավետ...
Եվ այդ խաղաղ ոչնչությունից
Երբ ինձ արթնացրին,
Ես պարզ հասկացա,
Որ հոգի չունեմ,
Եվ գուցե երբեք էլ չեմ ունեցել այն`
Ձեր պատկերացրած այն հոգին անտես. --
Հավերժ սավառնող կամ թե դեգերող
Եվ տարբեր աշխարհներում իր տեղը փնտրող։
Իսկ գո՞ւցե սա արդյունքն է այն գործողության,
Որ ես կամավոր ինձ քնեցրեցի. թեպետ կարճատև,
Ինչպես վարվում են շատերը,
Երբ որոշում են իրենց կենդանուն քնեցնել հավետ.
կամ էլ ազգականի օդերն են փակում։
Իսկ մի՞թե Աստված ազատ կամք տվեց,
Որպեսզի նրա դերը մենք ստանձնենք այսպես։
Հիմա շփոթված կանգնած եմ մենակ`
Հոգեբանական անդունդի եզրին
Եվ չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում`
Անմահության ձգտող մի հոգի՞ դառնալ,
Թե Աստծո հետ այնքան համաձույլ մի մեծ հոգեգունդ,
Որտեղ ոչինչից բացի չես գտնի ոչինչ։
Աղաչում եմ ձեզ`
Մի' սպանեք դուք մեզ,
Թողեք, որ մահվանն ինքնուրույն հասնենք,
Որ ճանապարհով էլ որ մենք ընթանանք...
Շ. Վ. - 12/20/2017
...Մենք բոլորս հոգիներ ենք թափառական...
Մեկ հոգի, երկու, և ավելի քան մեկ ու կես միլիոն...
Ես և դու,
Ինչպես և մեզանից շատերը,
Ծնվել ենք դրախտում, մեծացել այնտեղ
Եվ հետո կամավոր լքել այն միակ վայրը,
Որտեղից սնվում էր մեր ագահ հոգին։
Աստված դրախտից մեզ չվտարեց,
Ինչպես Ադամին ու իր կողակցին,
Այլ տվեց մեզ ազատ կամք ապրելու,
Եվ մենք կամավոր փախանք այդ երկրից,
Պատճառաբանելով հացի խնդիրը։
Եվ հիմա օտար այս տափաստանում,
Արհեստական այս նոր աշխարհում
Դու քո դրախտն ես փորձում կառուցել.
Հող ես հարթեցնում ու ցորեն ցանում,
Որպեսզի լուծվի հացի խնդիրը։
Մինչդեռ մեր հողը այնտեղ` մեր երկրում,
Ավելի բերրի է` ոչ արհեստածին։
Այսպես է հայը` թափառող հոգի.
Շինական, շինարար` օտար հողերում։
Մինչդեռ երկիրս` լքյալ ու մենակ,
Միշտ սպասում է մեզ`
Ծնողական մեծ հոգածությամբ։
Տե'ս, դրախտն այդ մեր
Ձեռքերն է պարզել առ Աստված, ասես`
Խնդրելով, որ հացի խնդրի մենաշնորհը
Աստված իրեն տա։
Չէ՞ որ հողերն այդ պարարտ են վաղուց`
Ամփոփված սրբացած այն շիրիմներով,
Որ դարեր շարունակ օծվել են
Քաղցրահամ բերքով չքաղված։
Անխելք մարդու հեքիաթը գիտե՞ս.
Թողած կենաց ծառը մեր հայրենիքի,
Մենք կյանք ենք փնտրում այն ծառերի մեջ,
Որոնց ինքներս ենք արհեստական շունչ
Ու սնունդ տալիս։
Մինչդեռ` մեզանից նեղացած,
Մեր ծառը կյանքի` լքված դրախտում
Կոտրել է ճյուղերն իր առատ բերքից
Ու մենակ նստած նայում է տխուր`
Հողում փտող նոր սերունդներին:
Նա, տե'ս, ողբում է կյանքից վշտացած
Ու շշնջում անհույս.
«Ես ամեն տարի թաղում եմ
Քաղցրահամ իմ զավակներին,
Որ այնքան ջահել էին ու շատ կենսատու։
Թաղելով իմ հողում` դարձնում եմ երկիրը
Մի մեծ դրախտավայր` պարարտ, պտղատու.
Մինչդեռ, որդիները քո
Դրախտ են փնտրում օտար ափերում,
Բայց երբ ծերանում`
Ուզում են թաղվել հայրենի հողում`
Խառնվելով քաղցր մեր զավակներին։
Եվ օտարածին բացիլներ բերելով,
Լցնում են սուրբ հողը իրենց դիերով`
Դարձնում երկիրը մեծ գերեզմանոց։
Ո՛վ որդիներս` ինքնազոհ և սուրբ,
Փորձեք սրբագրել այդ օտարներին.
Թո'ղ, որ քաղցրահամ ձեր մարմինները
Օծեն, մաքրագրեն դավաճաններին:
Ու թե տարիներ անց պարարտ հող ստեղծվի
Ու դրախտ կերտենք,
Թո'ղ որ վերածվի երկիրն այս փոքրիկ
Հացի կենտրոնի` ի տես աշխարհի,
Որ որդիներդ այս հողից սրբազան
Այլևս երբեք հեռու չգնան...
»
Շ. Վ. - 12/1/2017
Ինձ ցավ պատճառելը
Վտանգավոր է այնպես.
Դու շատ լավ գիտես...
Հոգիս չի դիմանա
Նոր հարվածների.
Դու այդ էլ գիտես,
Բայց դեռ սեր ես շշնջում`
Իմ լերդացած ու մեռած
Լսուղիներում...
Սակայն չգիտես
Ճշմարտությունն այն պարզ,
Որ կոտրված սրտին
Ետ դարձի ճամփա
Այլևս չկա...
Դու այնտեղ ես,
Այն հեռավոր անցյալում անտես,
Որտեղից հեքիաթի հերոսին անգամ
Վերադարձ չկա,
Որտեղ թաղել ես արդեն
Իմ հոգին հավետ...
Ախ, ինչքան կուզեի
Շրջանցել կյանքիս
Ոլորանն այդ կործանարար,
Ու վատ երազից արթնացածի պես
Ժպտայի աշխարհին
Ու փառք տայի Աստծուն,
Որ այդ երազ էր`
Լոկ քնի արդյունք:
Շ. Վ. - 10/29/2017
Մենք բոլորս
Հոգիներ ենք կործանված.
Ո՞վ կործանեց մեզ,
Մենք էլ չգիտենք:
Իսկ գուցե մե՞նք ենք
ինքներս մեզ կործանել:
Ո՞վ գիտե`
կյանքի օրենքն է դաժան.
Սխալ չգործես,
Միևնույն է,
Ուրիշի սխալին
Զոհ կմատուցվես:
Վթարից հետո
Ո՞ւմ հոգն է, թե դու
Ոտքդ կկոտրես,
Գլուխդ, թե՞ հոգիդ:
Եղածը` եղած է,
Լինի քո մեղքով,
Թե դիմացինի:
Շ. Վ. - 10/27/2017
Թե կուզես ինձ տեսնել,
Փնտրիր հայելու մեջ,
Ես այնտեղ եմ`
Հայացքիդ մութ խորխորատում...
Ես միշտ այնտեղ եմ,
Որտեղ ես չկամ,
Եվ թվացյալ է
աշխարհն այս անհուն...
Ես ծպտված եմ ամենուր ասես.
Թաքնված, անտես`
հոգուդ գողտրիկ անկյունում...
Ես քո խիղճն եմ դարավոր`
Ադամական մեղքից սերմանված,
Ես հոգուդ ստվերն եմ`
Միշտ լույս ճառագող
Եվ երազանքներիդ ուղին հարդարող...
Փնտրիր ինձ այնտեղ,
Որտեղ ես չկամ,
Եվ դու կգտնես
Ինքդ քեզ մի օր...
Շ. Վ. - 10/25/2017
Ես քո ներքին ձայնն եմ...
Այն ձայնը,
Որի հետ պայքարում ես համառորեն
արդեն քանի հազարամյակ:
Ես քո խիղճն եմ, քո հոգին եմ,
ու մտքիդ լռությունն եմ.
Այն թվացյալ լռությունը,
որի թիկունքում թաքնված`
Փորձում ես խեղդել
սեփական վիշտդ:
Բայց սպասիր,
Նայիր հայելու մեջ
ու փորձիր շտկել
աղճատված արտացոլանքդ:
Ես այնտեղ եմ`
Հայելու խորքում,
Քո իսկ պատկերով կերտված,
Քո իսկ մտքերից վշտացած:
Սրբիր խունացած
հայելու արցունքները սիրով,
Եվ կարծես ակամա
կհստականան դիմագծերդ անգամ:
Գիտեմ, երկար ես փնտրել
պատանեկան անմեղ դեմքդ
հայելու խորքերում,
Բայց հայելին անցյալ չունի քեզ նման,
Եվ ոչ էլ հիշողություն`
անցյալդ այնտեղ պահելու համար:
Նա քո ներկան է միայն,
Եվ գուցե ապագան,
Եվ հոգուդ լույսի միակ լուռ վկան:
Հարթիր մտքիդ կնճիռները խորունկ,
Եվ հայելու մեջ կտեսնես
Լույսի կուրացնող շողերը պայծառ:
Հետևիր լույսին,
Որ չխարխափես
Անցյալի խավար խորխորատներում...
Շ. Վ. - 10/20/2017
Ամեն տարի
Հետևելով թագավորական կարգին,
Ես լքում եմ իմ ճոխ ապարանքը,
Վերցնում եմ աղքատի ուսապարկը
Եվ թափառում եմ երկրից երկիր`
Տեսնելու հասարակ մարդկանց
Ապրուստն ու վարքը:
Եվ տարեց-տարի
Ես զարմանում եմ,
Թե այս աշխարհն ինչքան է փոխվել,
Ինչքան են մարդիկ չարացել անսահման
Ու դարձել դաժանության աղբյուր
Եվ մահ են ծնում ամենուր:
Իսկ իրականում,
Մահը պետք է մահանար վաղուց,
Այլ ոչ թե ծնվեր ու այսպես բազմանար:
Բարություն ու սեր
Պետք է սերմանվեր,
Այլ ոչ թե ցասում:
Այս բիրտ բարքերն են տանում երկրագունդը
Դեպի կործանում:
Շ. Վ. - 7/5/2017
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՄԱՅՐԱՄՈՒՏ
Մայրամուտս ձգվեց, ձգվեց
Ու տարածվեց ողջ երկնակամարով մեկ։
Ժամանակի ու տարածության տեղաշարժին համընթաց,
Մեկնելիս ես ինձ հետ տարա արևածագը`
նոր ծագող լույսը, կամ գուցե հու՞յսը մի նոր բարիքի։
Ես էլ արևի նման ջերմությունն իմ սրտում`
Ընդառաջ գնացի անհայտ աշխարհին։
Իսկ հիմա մայրամուտի տխրությամբ պարուրված,
Ես էլ եմ սև գիշեր գուժում աշխարհին։
Ասում են, մարդիկ հիանում են ինձնով,
Իսկ ես միևնույն է` մնում եմ անհաս`
Վերադառնալով մայրամուտս սրտում...
Շ. Վ. - 7/5/2017
Աշխարհիկ մարդակերպ հրեշներից փախչելով,
Լոխ-նեսի փրփրակալած ալիքներում
Փնտրում էի խորհրդավոր հրեշին։
Մինչդեռ հրեշներ տեսնելու համար
Պետք չէր հասնել աշխարհի ծայրը.
Նրանք մեր շուրջն են և ամենուր են`
Կեղծ ու պիղծ, դավաճան ու խաբող։
Շ. Վ. - 7/5/2017
Կրծոտված երկրագունդը գլորվեց
Ու ընկավ ոտքերիս տակ։
Իր բզկտվածությամբ հանդերձ`
Նա նույնքան գեղեցիկ էր
Ինչպես երբևէ.
Իմ աշխարհն այդպես էլ անհայտ մնաց ձեզ,
Իսկ տիեզերական մթնոլորտային ճնշումը
Դաժան ձմեռ էր կանխագուշակում...
Շ. Վ. - 7/5/2017
Գլխապտույտ արագությամբ երկրագունդը պտտվեց,
պտտվեց ու ինձ նետեց ժամանակի անդունդը...
...Ես մի գիշերում հասա ծերացման։
Խնդրում եմ, կանգնեցրեք այս մեծ գունդը,
Որ ես հեռանամ...
Շ. Վ. - 7/5/2017
Արևս կոտրվեց ափերիս մեջ...
Արևս, որ նվեր էի ստացել ծեր գնչուհուց,
Հանկարծ փշրվեց ու բեկոր-բեկոր ընկավ երկնքից։
Հիմա այն ինչ տեսնում եք երկնքում կախված,
Այդ արևս չէ, այլ ոչ մեկին պատկանող մի լուսատու գունդ,
Որից ճառագող ջերմությունը գոյանում է մարդկանց սրտերից։
... այլևս ցուրտ է ձեր աշխարհում,
և ես կամաց-կամաց սառչում եմ
այս հազարամյա խորության գերեզմանում...
Շ. Վ. - 7/5/2017
Դու իմ փրկողակն ես, սիրելիս,
Այն շրջափակող օղակը կյանքիս,
Որից դուրս գալը մահվան է նման:
Դու` իմ մտքերի ու երազանքների
Միակ օազիս...
Ես կամագրվում եմ հավերժ ստրկության
Եվ տենչում ապրել
Փակօղակիդ մեջ
թեկուզ մեկ վայրկյան...
Սեղմիր այդ օղը
երբ որ կամենաս տեսնել,
Թե ինչպես է զոհդ
հեռանում կյանքից...
Պատրաստ եմ դրան...
Շ. Վ. - 6/1/2017
Ես ամեն օր խնամքով հավաքում եմ
Փշուր-փշուր եղած
Պատրանքիս բեկորները ցիրուցան,
Բայց այդպես էլ չեմ գտնում
Այն վերջին կտորը հույսի,
Որով կամբողջանա
Երազանքներիս մեծ կտավն իրական:
Թող որ այդպես էլ հավերժ քնանամ...
Շ. Վ. - 6/1/2017
Գերեզմանամեղուն
օրն ի բուն հոտոտում էր
գերեզմանատան ծաղիկները
և բուրավետ մեղր պատրաստում
մեռելահոտ ծաղիկներից։
Մեղվին ի՞նչ,
թե այդ ծաղիկներն արդեն
մահացած լինեին։
...Մահվանից հետո
նրանք դեռ այնքան
նեկտար էին տալու,
որ մեզ ապրեցնեին...
Շ. Վ. - 6/1/2017
Ատոմը տրոհվում է մասնիկների,
Բայը խոնարհվում է,
Իսկ կյանքը՝ շարունակվում։
Իսկ ո՞ւմ առջև է խոնարհվում,
ասենք, «սիրել» բայը․
Գլուխը խոնարհած սիրող կնո՞ջ,
Թե՞ հոգին տրոհող սիրեցյալի։
Ադամ, Եվա և Լիլիթ եռանկյունուց
Մեզ հասան միայն
եռանկյան այս երեք կողմերը․
Իսկ ո՞ւր մնաց այն եռանկյունին,
Որ ընտանիք էր մի օր կոչվելու։
Մարդկությունը ջնջվեց
բոլորի միջից ու անԷացավ
Թվացյալ սիրո բիրտ ճիրաններո՞ւմ։
Եվ մի՞թե պատմությունը դաս չեղավ
անիրական Լիլիթներին ձգտող Ադամների համար․
Երբ չունեցածիդ հասնելու համար
կորցնում ես տարիներով ձեռք բերածդ
Եվ վերջում կանգնում
«Հիասթափություն» կոչվող
դատարկ գնդի մեջ։
Շ. Վ. - 5/1/2017
Արմատս էիր,
Դարձար ածանցյալ,
Դարձար մի կցորդ ոմն չարիքի։
Եվ թողնելով քո կատարյալ կյանքը`
Ինչ-որ մեկի անկատար մնացած կյանքին կցվեցիր։
Եվ մարդիկ հոլովում են անունդ հիմա,
Փնովում են, ձաղկում ու պախարակում։
Մինչդեռ խոնարհվում ես ինքդ էլ չարին ու չարագործին`
Անկատար թողնելով այնքան կատարյալ թվացող երջանկությունդ։
Բայց հիշիր`
Չարին էլ վերջ կգա մի օր...
Շ. Վ. - 5/1/2017
Ես և դու թափառում էինք հոգևորի տիրույթներում,
Երբ հանկարծ շրջվեցի և տեսա,
Թե ինչպես ճեղքեցիր սեփական ստվերիդ ուրվագիծը
Եվ մի ակնթարթում հանկարծակի դարձար
Մահկանացուների մեղսակիցը։
Ինձնից հեռանալով` գերադասեցիր դժոխքը...
Հոգիս շատ կուզեր ասել`
«Աստված քեզ հետ
»,
Բայց` ոչ դժոխքում։
Այլևս բավ է.
Դժոխային կործանարար հոգիները
Իմ տիրույթներում անելիք չունեն...
Շ. Վ. - 5/1/2017
Շուրջս պտտվելով փորձում ես ներկայությունդ ապահովել իմ կյանքում.
Հիմա դու նման ես այն մանրասիրտ միջատներին,
Որոնք պտտվելով լույսի շուրջը,
Ինքնակորույս փորձում են նետվել
Ջերմություն ճառագող աղբյուրի մեջ։
Բայց ավաղ, լույսի ջերմությունից
Չորչորուկ մարմիններն այդ անմեղ թվացող արարածների
Այնքան են ջերմազրկվում ու սմքում,
Որ չորացած փայտի պես ճարճատում են լույսի հետ շփվելիս
Եվ հավերժ հրաժեշտ տալիս սեփական շնչին։
Պահպանիր շունչդ,
Այն քեզ պետք կգա...
Շ. Վ. - 5/1/2017
Նա շուն չէր սովորական,
Այլ մի ամբողջ կյանք
Ու բաբախող մի սիրտ ահռելի...
Մահվանից առաջ
Նա իր գեղեցիկ մեծ աչուկներով
Կյանք էր աղերսում ինձանից ասես...
Ախ, երանի տիրապետեի շնչափոխանցման արվեստին գերբնական
Եվ ողջ իմ շունչն ու հոգին նրան փոխանցեի։
Բայց ավաղ, նրա մեծ սիրտը չէր դիմանում իմ վշտին անհուն...
Եվ նա հեռացավ ինձանից հավետ,
Թեպետ մենք տարին սկսեցինք միասին`
Աստծոն աղոթելով
...
Շ. Վ. - 1/4/2016
Իսկ դուք գիտե՞ք, որ աշխարհում ամենալավ բանը սրտի զարկերն են. մարդու, կենդանու, թռչունի, և նույնիսկ` տիեզերքի: Իհարկե, ոչ բոլորին է վիճակված զգալ այս վերջինը, թեպետ մենք բոլորս մեր սեփական սրտի զարկերն ամեն օր անգիտակցաբար զուգակցում ենք տիեզերքի համահունչ ռիթմի հետ:
Երբ ես թռչուն էի պահում, ես շատ էի սիրում, երբ ամեն անգամ նրան ափիս մեջ վերցնելով` զգում էի այդ անպաշտպան էակի սրտի կենդանի բաբախյունը:
Հետո, երբ շուն ունեի, ես պարզապես խենթանում էի, երբ ինձ տեսնելու ուրախությունից նրա սրտի զարկերն այնքան արագ էին խփում, որ կարծես, թե դուրս էին ուզում թռչել սեփական մարմնավանդակից: Այդպես բաբախում է մեր սիրտը նույնպես` ամեն լավ կամ վատ բանի սպասելիս: Իհարկե, լավ է, երբ լավ բան է մեզ միշտ պատահում: Բայց մի՞թե արդյոք այդ բաբախյունն արդեն լավ բան չէ: Չգիտեմ, դուք ինչպես, բայց ես իմ կյանքը կտայի, որ ամեն կենդանի հոգու այդ բաբախման ռիթմը անխափան պահեի:
Շ. Վ. - 2/25/2018