a Shushan Vardanian so9
business logo business logo
business logo
black line

BACK

fff

ՏԱՏՍ

Դպրոցական ամառային արձակուրդներն են։ Տատս բազմոցին նստած ինչ–որ բրդյա կծիկներ է քանդում ու կծկում՝ չնայած ցերեկվա տապին։ Արդեն մի քանի ամիս է, տատս կուրացել է, ոչինչ չի տեսնում, բայց դարձյալ չի կարող անգործ նստել։ Նույնիսկ այդ վիճակում, մի կերպ շոշափելով գուլպա է գործում։ Քույրս շարունակում է փոշիները վերցնել, իսկ ես ավարտելով սենյակն ավլելը, վերցնում եմ Թումանյանի հատորյակն ու տեղավորվում բազմոցի մյուս անկյունում։ –Տա՛տ, կուզե՞ս գիրք կարդամ,– հարցնում եմ ես։

Գիրք կարդալ շատ եմ սիրում ու տատիս համար հաճույքով եմ կարդում։ Նա գլուխն է շարժում ի նշան համաձայնության:

-Տա՛տ, կուզե՞ս ,,Մարոն,, կարդամ:

Նկատել եմ, որ Թումանյանի այդ ստեղծագործությունն առանձնահատուկ կերպով է հուզում նրան ու այս անգամ էլ, երբ արտաբերում եմ ,,Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին,, տողերը՝ տատիս հուզմունքն այլևս չտեղավորվելով արցունքից պղտորված աչքերում, պոկվում և բարակ առվակի նման հոսում է այտերի վրայով: Քույրս, որ նույնպես գործն ավարտելով նստել է տատիս կողքին, քնքշորեն գրկում է նրա վիզն ու հարցնում.

-Տա՛տ, ինչո՞ւ ես արտասվում:

-Բալա ջան, ախր, էդ իսկական իմ կյանքի պատմությունն է, բայց ես ոչ թե ինը, այլ տասներկու տարեկան էի, երբ ծնողներս կամքիս հակառակ ինձ ամուսնացրին…

Ես ու քույրս անակնկալի եկած՝ ապշահար հայացքներ ենք փոխանակում և սսկվում ենք մինչ տատս մի կերպ շոշափելով խալաթի գրպանից հանում ու արցունքոտ աչքերին է մոտեցնում թաշկինակը:

-Ա՜յ քեզ բան,- հույզերս չեմ կարողանում զսպել ես,- ո՜վ կմտածեր…

-Բա ինչո՞ւ են այդքան շուտ քեզ ամուսնացրել, ի՞նչ է, քեզ չէին սիրո՞ւմ,- միամիտ երեխայի պարզամտությամբ հարցնում է քույրս: Ախր ,,Մարոն,, կարդալով երկուսս էլ միամտորեն ենթադրել ենք, որ նրա ծնողներն այդքան դաժան են վարվել, որովհետև նրան չեն սիրել:

- Այ բալա, մեղքս ինչ թաքցնեմ, այն ժամանակ ես էլ էի այդպես մտածում, մանավանդ որ ինձ պատմել էին, որ ինձ ունենալիս ծննդաբերության ժամանակ մորս բերանը ծռվել է, սկզբում չի ուզեցել նույնիսկ կերակրել և մեծ քույրս, որ տասնյոթ տարեկան էր և արդեն ամուսնացած, տառացիորեն ստիպել է կերակրել ինձ: Բայց հետո հասկացա, որ ծնողներս իմ վատը չեն ուզել, պարզապես ժամանակներն էին այդպիսին…

-Տատ, կպատմե՞ս, -ես ու քույրս հույսով լի հայացքներս հառում ենք տատիս դեմքին: Շատ ենք սիրում, երբ նա պատմում է իր Ալաշկերտ ծննդավայրի, գաղթի, իր մանկության մանրամասները:

-Տատ, իսկ այդ մարդու անունն ի՞նչ էր,- հարցնում եմ ես այն հույսով, որ գուցե երբևէ լսել եմ այդ անունը, բայց չեմ իմացել, թե խոսքն ում մասին է: -Գրող ու ցավ էր, որ չհանդիպեր ինձ, -արցունքների միջից զայրանում է տատս ու միանգամից էլ մեղմանում է,- լավ, ձեզնից պրծում չկա, կպատմեմ: Մեկ էլ տեսար մեկնումեկդ գրող դառնաք ու այդ պատմությունն էլ գրի առնեք:

Տատս խարխափելով կրկին գտնում է խալաթի գրպանը, թաշկինակը մի կերպ տեղավորում այնտեղ, խորը շունչ է քաշում, որն ավելի հոգոցի է նման ու սկսում է պատմել.

-Առաջին փախեփախի նախօրյակն էր…

-Տատ, առաջին փախեփախը ո՞րն է,-զարմանում եմ ես, քանի որ Հայոց պատմություն դպրոցում դեռ չենք անցնում և Առաջին համաշխարհային պատերազմի մասին դեռևս քիչ բան գիտեմ:

-Հա, բալա ջան, առաջին փախեփախին էդ մարդն ինձ Էջմիածին տարավ, իսկ երկրորդին արդեն ես հորս գերդաստանի հետ գաղթեցի Ղարաքիլիսա: Էդ ոչուփուչը մեր հարևանի ազգականն էր, որ մի քանի օրով հյուր էր եկել նրանց,- շարունակում է տատս նախկին ամուսնու անունը չտալով, ինչից ես եզրակացնում եմ, որ ինչ-որ սարսափելի արարք կա թաքնված տատիս՝ նման ձևով նրա մասին արտահայտվելու մեջ: Ախր, տատս շատ բարի է, համբերատար և մինչև ուղն ու ծուծը լի է աստվածավախ մարդու ներողամտությամբ:

-Անհանգիստ ժամանակներ էին... Հեռու-մոտիկ գյուղերից տագնապալի լուրեր էին մեզ հասնում: Ասում էին, որ թուրքերը չեն խնայում ոչ կանանց, ոչ երեխաներին: Խաբարն էկավ, որ հաջորդ առավոտ մեր գյուղի վրա են հարձակվելու: Տղամարդիկ մեկը մեկին ձեն տալով հավաքվեցին գյուղամիջում: Ի՞նչ կարող էին անել, գյուղում նույնիսկ մի հրացանավոր մարդ չկար: Հենց այդ ժամանակ էլ գյուղովի որոշել են անասուններին մորթել, քանի որ թուրքերն իրենց սև գործն ավարտելուց հետո միևնույնն է իրենց հետ տանելու էին, և մեկ էլ այն եմ հիշում, որ մի սարսափելի սպանդ սկսվեց, մայո՜ւն, բառա՜չ… Այդ հնչյունների ուղեկցությամբ էլ մի քանի տղամարդ մեզ՝ կանանց ու երեխաներիս սարերը փախցրին: Թե ի՜նչ մղձավանջային գիշեր անցկացրեցինք, էլ ասելու չի: Լուսադեմին գյուղի կողմից կրակոցի ձայներ լսվեցին: «Վերջ»,- մտածեցի ես,- «հիմա էլ ոչ ոք կենդանի մնացած չի լինի…»,-ու էլ ոչինչ չեմ հիշում: Մեկ էլ աչքերս բացեցի, որ ինձ ուշքի են բերում, իսկ հայրս, որ տղամարդկանց հետ մնացել էր գյուղում, մտահոգ կանգնած է կողքիս: Պարզվեց, որ մեր լսած կրակոցներն իրականում կրակոցներ չեն եղել: Էդ իմ ամուսին չեղածն առաջարկել է անասունների միզապարկը, որ փուչիկի նման է, փչել ու երբ թուրքերը մոտեցել են, գյուղացիք սկսել են դրանք պայթեցնել, թուրքերն էլ մտածելով, թե գյուղացիք զինված են, փախուստի են դիմել: Այդ ձևով ժամանակ են շահել գյուղովի անվտանգ հեռանալու համար: Դե, պատկերացրեք, թե դրանից հետո գյուղացիք ո՜նց էին էդ մարդուն գլխների վրա պահում ու ի՜նչ պատիվ էր ծնողներիս համար, որ այդքան գեղեցկուհիների մեջ նա հենց ինձ է ընտրել…

Տատս մի պահ լռում է, երևի մտովի վերադառնում է և կրկին վերապրում այդ հեռավոր և իր համար ոչ հաճելի հիշողությունները, որովհետև շնչառությունն արագանում է, իսկ անցյալի գեղեցկությունը դեռևս լիովին չկորցրած դեմքի վրա մի անառողջ կարմրություն է հայտնվում:

-Տատ, հո վատ չե՞ս զգում քեզ,- անհանգստացած հարցնում է քույրս:

Տատս մի բաժակ ջուր է խնդրում և մի շնչով դատարկելով ջրի բաժակը ու շունչը տեղը բերելով դեռևս հուզված շարունակում է.

-Այդ օրն ավարտվեց իմ մանկությունը…Էդ մարդը շատ կոպիտ ու դաժան մարդ դուրս եկավ… Դե, ես երեխա-աղջիկ, ինքը՝ հասուն, երեսունն անց տղամարդ… Ամեն առիթով, նույնիսկ անառիթ դաժանորեն ծեծում էր ինձ, հալածում, սովի մատնում… Մի օր էլ երեկոյան, տուն գալով՝ կարգադրեց ոտքերը լվանալ: Այսօրվա պես հիշում եմ… Ես անմիջապես ջուր տաքացրեցի, բայց երբ տաշտը մոտեցրի ոտքերին, ջուրը նրան հարկ եղածից սառը թվաց: Մի փրփրել-փրփրեց, մի կատաղել-կատաղեց, վայրի գազանի նման հարձակվեց վրաս, գցեց ոտքերի տակ և սկսեց անխնա հարվածել… Բայց դրանով չբավարարվելով, քաշեց-հանեց վրայիս շորերն ու ինձ մի շապկի մեջ թողնելով՝ դռնից դուրս շպրտեց: Դուրսն էլ ձյուն-ձմեռ… Ուռու տերևի պես դողալով ծեծում էի դուռը և աղաչում, որ ներս թողնի ինձ, բայց հասկանալով, որ անօգուտ է, բռնեցի Էջմիածնից Երևան տանող ճամփան: Ոտաբոբիկ, կիսամերկ քայլում էի ձյան միջով ու անիծում իմ չար բախտը, աստծուն խնդրում, որ հոգիս առնի ու ազատի ինձ այդ տանջանքներից… Առջևում անհայտությունն էր… Գնում էի եղբորս տուն, բայց չգիտեի, կընդունի արդյո՞ք նա ինձ, թե՞ կստիպի հետ վերադառնալ…Ոտքերս չէի զգում, մարմինս չէի զգում, կորցրել էի ժամանակի ու իրականության զգացողությունը, չեմ էլ հիշում, թե ինչպես եմ տեղ հասել և հենց բակում վայր ընկել…Երբ ուշքի եկա, հիվանդանոցում էի: Ասում են, որ մի քանի օր անգիտակից վիճակում եմ եղել…

Քույրս, որ ինձանից փոքր է ու ավելի զգացմունքային, այնքան տպավորված է, որ չի կարողանում զսպել հեկեկոցը.

-Տաա՜տ… դու… Մարոյից էլ մեղք ես եղել…

Ես նույնպես հազիվ եմ զսպում արցունքներս: Երկուսս էլ գրկում ենք տատիս, ասես մեր սիրով փորձելով մեղմացնել այն ցավը, որ առանց գիտակցելու պատճառել ենք նրան՝ ստիպելով կրկին վերապրել այդ ամենը: Տատս թխսկան հավի նման թևերի տակ է առնում մեզ և շարունակում է խոսել՝ արդեն ժպտալով արցունքների միջից.

-Եղբորս կինը՝ Քիբարը, շատ լավ կին էր, ափսո՜ս, շուտ մահացավ, աստված հոգին լուսավորի, եղբորս համոզել էր, որ ինձ ետ չուղարկի ու երբ էդ ոչուփուչը եկել էր իմ ետևից, պարզապես դուրս էին արել: Դե, փա՛ռք աստծո, որ հետո պապիկիդ հանդիպեցի, թե չէ ինչպե՞ս պիտի ձեզ ունենայի…,- եզրափակում է նա՝ ձեռքերով փնտրելով և գտնելով կծիկը, որ մի կողմ էր դրել գրպանից թաշկինակը հանելու համար:

-Տա՛տ, մենք քեզ շա՜տ ենք սիրում…

Տատս ժպտում է իր բարի ու լուսավոր ժպիտով…


BACK