Իմ ստեղծած աշխարհը քոնից բարի է, Տեր...
Այնտեղ չկան չարագործ սրիկաներ,
Չկա ոչ ցուրտ, ոչ էլ տապ անտանելի։
Այնտեղ մարդիկ անմահ չեն բնավ,
Բայց ապրում են առողջ ու երկար`
Մինչ խոր ծերություն ու երջանիկ մահ`
Շրջապատված մարդկանցով բարի։
Նրանք մահանում են` ով երբ կամենա,
Քանզի տվել եմ ազատ կամք ապրելու,
Նաև մեռնելու` խոր ծերության մեջ։
Եվ ի տարբերություն այլ աշխարհների`
Իմ ստեղծած մարդիկ ազնիվ են, բարի...
Նրանք գաղթել են քո տիրույթներից
Եվ ապաստան են խնդրել ինձանից։
Չէ, դրախտ չէ այս, այլ մտացածին աշխարհ,
Որ ե'ս եմ ստեղծել տարիներ առաջ։
Երջանիկ ու անհոգ ես ապրում էի այնտեղ,
Երբ մի խումբ հոգիներ իմ շեմին կանգնած`
Ապաստան էին խնդրում խղճալի ձայնով:
Նրանք եկել էին քո տիրույթներից,
Որտեղ իրենց համար տեղ չկար ապրելու.-
Նրանք շատ էին տարբեր մյուսներից...
Շ. Վ. - 4/19/2018
Դու շարունակ դռներ ես փնտրում սիրտս մտնելու,
Իսկ մի՞թե անգամ ճիշտ դուռը գտնելիս
Դու կարող ես տիրանալ սրտին այն խոցված,
Որ փակվել է դավաճանների համար։
Թեև դու շատ ես փոխվել, ես գիտեմ,
Դարձել ես խոհեմ առ քո ապագան,
Փորձելով հնար գտնել այս հարցին`
Նոր դուռ դնելով փակված իմ սրտին,
Սակայն բանալին չես գտել դու դեռ...
Բայց սպասիր, մի հուսահատվիր այդպես, -
Ուրիշից վերցրած այդ դուռը ասես,
Որ դեռ պահպանում է տիրոջ բախտն անհույս,
Կարող է մի օր փոխվել, նորոգվել,
Որ նախկին կյանքից առհավետ ջնջվեն
Դավաճանի պիտակն ու խարանը բախտի:
Թող դուռդ բացի մի նոր ապագա դեպ երանություն`
Մաքուր ու հավերժ մի երջանկության,
Որ սեր է կոչվում, սեր մի անսահման...
Երանի սրտիս ճաքած պատերն էլ նորոգել լինի...
Շ. Վ. - 4/8/2018
Խաչելություն...
Չարչարանաց Ուրբաթ...
Այսօր առավել քան երբևէ
մարմնիս վրա զգացի
տառապանքդ, Տեր:
Ձեռքերիդ մխրճվող
սուր ցավից խենթացած
ես ոռնում էի ինքնակորույս:
Ոտքերս գամված
քո խաչափայտին
Ես կանչում էի ձայնիդ միացած.
"Աստված իմ, Աստված իմ,
Ինչո՞ւ դու ինձ լքեցիր..."
Ես տանջվում էի
ցավից անսահման,
Մինչդեռ ներքին ձայնս
կռվում էր ինձ հետ,
Թե` դո'ւ հեռացար նրանից
տարիներ առաջ,
Իսկ հիմա ժամանակն է
մեղքերդ ընդունես
ու բարձրանաս վեր,
Որտեղ քո հայրն է սպասում`
կարոտն իր սրտում:
...իսկ վաղը լիալուսին է...
Շ. Վ. - 3/30/2018
Լիալուսին, չարագործ ամբոխ և խաչելություն...
Ասում են` լիալուսնի ժամանակ մարդիկ խենթանում են,
Բայց նրանք խենթ չէին, այն խաչողնորը`
Նրանք չարասիրտ անհոգիներ էին,
Ովքեր օգտվելով հրեական տոնի լուսնի փուլերից,
Գազանաբարո իրենց էությունը լուսնին վերագրելով
Քեզ խաչին գամեցին` տոնելով իրենց հաղթանակները:
Կատաղած ամբոխի պիղծ հոգիներից վշտացած`
Հայր Աստված փակեց իր աչքերն ամուր,
Որ չտեսնի միածին որդուն խաչափայտին գամված:
Եվ այդժամ երկինքը մթնեց ու մռայլվեց այնքան,
Որ հանուն հավիտյան խավարի երկրում
Աստված պատրաստ էր կույրի պես ապրել։
Բայց երբ հասկացավ, որ նրանք չեն գիտակցում
Թե ինչ են անում, մեծանուն տերը ներեց բոլորին:
...Եվ ցավը սրտում ու խիստ դառնացած,
Աստված հեռացավ կրկին բոլորից,
Այս անգամ` հավետ,
Թողնելով նրանց ազատ կամք ապրելու...
Շ. Վ. - 3/30/2018
Այս դատարկ տան մեջ
Ուրվական է շրջում.
Իմ ուրվականը...
Այ, թե ինչ թողեցիր,
Երբ հոգիս թաղեցիր:
Այսքան տարի անց
Կեղծիքի ու ստի
Նյութերից ձուլված
Պալատ սարքեցիր
Ու նվիրեցիր
մեղքերիդ դիմաց։
Դղյակներ ինձ պետք չեն,
Ես ուրվական եմ
Եվ ողջ աշխարհն եմ
Ոտքիս տակ առել։
Վերադարձնում եմ քեզ
Ունայնությունդ ահա.
Այն քեզ պետք կգա:
Լցրու դատարկ կյանքդ
Ունայնությամբ ունայն
Եվ վայելիր տորիչելյան
Դատարկությունն անսահման:
Իսկ ես հեռանում եմ,
Այս անգամ ընդմիշտ.
Չէ՞ որ ուրվական եմ հիմա:
...Բայց ուր էլ գնամ,
Հոգուս դատարկությունը
Չեմ կարող լցնել...
Շ.Վ. - 3/15/2018
Ինձ մեղադրում ես, որ մերժեցի դառնալ
Սիրային եռանկյան կողմերից մեկը։
Ինքդ էլ երկիրը չափչփելուց հետո
Բազմել ես եռանկյան գագաթին
Ու երջանկության դղյակներ ես կառուցում`
Քո իսկ պատկերացմամբ։
Ինձ էլ ասում ես, թե գոհանամ նրանով,
Որ ստացել եմ եռանկյան պատվավոր տեղը։
Երկրաչափության դասդ թե լավ ես սերտել,
Կյանքից ստացած դասերը քեզ դաս չդարձան։
Հիշիր Բերմուդյան Եռանկյունին կործանարար
Ու տե'ս, թե ինչքան նման եք իրար.
...իսկ արդյունքում կործանված կյանքեր են միայն...
Շ. Վ. - 3/9/2018
Մենք բաժանված ենք մի քիչ...
Բաժանված` օրենքով,
Իսկ Աստծո առաջ ո՞վ ենք մենք դարձել.
Մի սովորական բջջի ճակատագրի՞ արժանացել.
Որ բաժանվում, տրոհվում է մասնիկների,
Հետո աշխարհով մեկ ընկած
Փորձում է նշխարքի պես հավաքել
Կործանման եզրին կանգնած
Սերունդների վերջին ջանքե՞րը:
"Բաժանիր, որ տիրես". -
ահա աշխարհի դաժան օրենքը.
Մեզ բաժանում են ու տիրում անվերջ:
Մենք բաժանված ենք, բայց ոչ մի քիչ...
Աստված մեզ ազատ կամք տվեց ապրելու.
Ես էլ տվեցի քեզ կամք` ազատ գործելու,
Իսկ դու կատարեցիր քո ընտրությունը`
Եվ ամեն ինչից վեր դասեցիր դավաճանությունը.
...դավաճանները բոլոր դարերում էլ ստորակարգ են եղել, գիտե°ս...
Շ.Վ. - 3/4/2018
Նահապետարանդ շտապիր կառուցել.
Քո կողմն է նայում մի ողջ ժողովուրդ:
Դարձիր դու մի նոր Հայկ Առաջնորդ
Ու փրկիր կյանքերն այն անմնացորդ:
Բնության ահեղ տարերքի վախից
Ես միանում եմ քեզ ու քո սուրբ գործին:
Դու փրկիր կյանքերը մեծ արհավիրքից,
Ես էլ նրանց հոգիներն իսպառ կործանումից:
Հիմա ես ու դու մեկ ենք
Ու ճակատագրակից.
Ինչքան էլ հեռու լինենք իրարից,
Թող մեր սուրբ գործին հետևեն հեռվից
Ու գան բնակվեն քո տիրույթներում.
Չէ՞ որ գրված է Աստծո շնչի էջերում,
Որ քո հոր տանը շատ բնակարաններ կան,
Եվ դու գնում ես բոլորի համար տեղ պատրաստելու.
Իսկ ուր դու լինես, մենք էլ ենք գալու.
Տեր Աստված, պահպանիր մարդկանց...
Շ.Վ. - 3/4/2018
Աստված մեզ ազատ կամք տվեց ապրելու.
Ես էլ տվեցի քեզ կամք` ազատ գործելու,
Եվ դու կատարեցիր քո ընտրությունը,
Ամեն ինչից վեր դասելով դավաճանությունը:
Իսկ դավաճանները բոլոր դարերում էլ ստորակարգ են եղել...
Շ.Վ. - 3/3/2018
Ափս ափիդ մեջ առած`
Կյանքս վստահեցի քեզ,
Ու քայլեցինք մենք
Տիրույթներում քո մութ...
Անհայտ խավարի մեջ
Մենք չէինք խարխափում,
Ու գնում էինք անվախ,
Ինչպես Աստծո հոգին էր
շրջում խավարում
Մինչ լույսի ստեղծումը...
Ափս ափիդ կցված`
Վստահեցի քեզ այնքան,
Որ Աստծո լույսի փոխարեն
Նրա խավարն ընտրեցի։
Եվ այդ խավարի մեջ
Հոգուս լույսն
այնքան պայծառ էր ասես,
Որ երևակեց ափիս պատկերը
Քո ափին կցված
Եվ պատճենահանեց
իմ ճակատագիրը
Ձեռքիդ ափի մեջ։
Ու հրաշք կատարվեց.
Քո ձեռքի ափի գծերը հանկարծ
Նորովի դարձած`
Նմանվեցին ինձ
ու իմ ճակատագրին...
Երկու տարբեր կյանք
Եվ այսքան նմա՞ն։
Կանգնած ես ասես
Երկվության առջև`
Անցյալիդ խավար
Կյանքից քո հոգնած
լույս ես դու հայցում
Կենսական ուժով
լցված իմ ափից,
Եվ մերթ առնում ես
Ու մերթ էլ տալիս
Եռանդդ, ուժդ, կորովդ հոգու։
Կամքիցդ անկախ
Իմ կամքն ես փորձում,
Իսկ ես անկոտրում`
Սիրտս եմ քեզ զոհում
Հանուն քո բախտի
ու երջանկության։
Ինքս էլ չգիտեմ,
Թե ինչ եմ ուզում,
Բայց գիտեմ մի բան,
Որ շատ ջանացի
Իմ մեջ ես խեղդել
Մեր այս նույնության
Գծերը դաջված։
Դու քո կյանքն ունես,
Ես էլ իմն եմ փորձում
կառուցել այնպես,
Որ մեր ձեռքերը
Չհպվեն նորից,
Որ էլ կայծ չտան։
Թող որ զուգահեռ
Ընթանան այսպես`
Ջերմափոխանակման
կանոնին ընդդեմ։
Քանզի որքան էլ նման մենք լինենք`
Չեմ կարող ապրել
Այն կյանքով ինչ դու։
Լավ է մոխրանան
բախտիս գծերը,
Քան թե դավաճանի
Խարանը ստանան։
Եվ վերցնելով մի սրածայր շեղբ,
Ահա փորձում եմ փոխել
Գրերն իմ ափամիջի...
Իսկ արնաքամ եղած
Իմ ձեռքից տեսնես ի՞նչ կմնա.
Հայելանման արտացոլո՞ւմ մի խեղճ,
Թե՞ չորչորուկ կմախքն իմ ձեռքի`
Ի տես մարդկության մեծ զոհաբերման։
Շ. Վ. - 2/26/2018
Իսկ դուք գիտե՞ք, որ աշխարհում ամենալավ բանը սրտի զարկերն են. մարդու, կենդանու, թռչունի, և նույնիսկ` տիեզերքի: Իհարկե, ոչ բոլորին է վիճակված զգալ այս վերջինը, թեպետ մենք բոլորս մեր սեփական սրտի զարկերն ամեն օր անգիտակցաբար զուգակցում ենք տիեզերքի համահունչ ռիթմի հետ:
Երբ ես թռչուն էի պահում, ես շատ էի սիրում, երբ ամեն անգամ նրան ափիս մեջ վերցնելով` զգում էի այդ անպաշտպան էակի սրտի կենդանի բաբախյունը:
Հետո, երբ շուն ունեի, ես պարզապես խենթանում էի, երբ ինձ տեսնելու ուրախությունից նրա սրտի զարկերն այնքան արագ էին խփում, որ կարծես, թե դուրս էին ուզում թռչել սեփական մարմնավանդակից: Այդպես բաբախում է մեր սիրտը նույնպես` ամեն լավ կամ վատ բանի սպասելիս: Իհարկե, լավ է, երբ լավ բան է մեզ միշտ պատահում: Բայց մի՞թե արդյոք այդ բաբախյունն արդեն լավ բան չէ: Չգիտեմ, դուք ինչպես, բայց ես իմ կյանքը կտայի, որ ամեն կենդանի հոգու այդ բաբախման ռիթմը անխափան պահեի:
Շ. Վ. - 2/25/2018
Կնճռոտված ճակատագիրդ
վարակիչ էր, գիտե՞ս։
Երբ մի օր փորձում էի
հարթել ճակատիդ ծալքերը հատ-հատ,
Ես հանկարծ ծերացա։
Ծերացա այն մտքից,
Որ ես ու դու
մեր չապրած կյանքն ենք կորցրել։
Ես քեզ կորցրել եմ`
Համարելով գտած,
Իսկ դու ինձ գտել ես`
Կարծելով, թե
կորսված եմ հավետ։
Դու քո կյանքն ունես
ու մի բարդ ճակատագիր,
Որի խորունկ ակոսների մեջ
Ես ինձ եմ փնտրում
ու իմ ապագան։
Բայց ես նույնիսկ քո ներկայում չեմ,
Ոչ էլ անցյալդ ես դու ինձնով լցրել։
Ասա, քո կյանքում
ո՞վ եմ ես եղել։
Գուցե զուտ մի միտք,
Որ գանգատուփիդ մեջ
միայնակ փակված
ինձ ես միշտ տենչում։
Դու ինձ սիրում ես,
Բայց անհետ փախչում
սեփական մտքից։
Մտքիցդ հանես`
Քեզնից ո՞ւր փախչես։
Միտքը ի՞նչ է որ
Ապրածդ կյանքի մեղքերի դիմաց։
Սպանիր մտքերդ,
Վանիր քո գլխից`
Հանուն ճակատիդ խոր ակոսների.
սպանելուց վատ է
կարոտից այրվելը անհույս։
Շ. Վ. - 2/8/2018
Հիմա ես նման եմ
Փոթորկից հետո
Հանդարտված ծովի,
Անձրևից հետո
Ծիածան երկնած
Երկնակամարի,
Խավարից հետո
Բոցկլտացող
Պայծառ մի լույսի,
Արցունքից հետո
Ուրախ ժպտացող
Մի երեխայի։
Թողեք, որ հոգիս
Միշտ մաքուր մնա.
Ձեր պիղծ աշխարհներն
Ինձ համար չեն։
Իմ մոլորակում
Ցավ ու վիշտ չկա.
Կեղծ ու պիղծ մարդիկ
Տեղ չունեն այնտեղ։
Թողեք հեռանամ
Ձեզանից հեռու,
Որ ինձ կարոտեք...
Բայց այլևս երբեք
Դուք ինձ չգտնեք...
Շ. Վ. - 1/5/2018
Ահավասիկ ներում եմ քեզ
Որպես քրիստոնյա...
Կյանքս կործանելու
միսիադ ավարտած համարելով`
Գնացիր ուրիշ կյանքեր «փրկելո՞ւ...»
Ասելով, թե մեծ լավություն ես ինձ արել,
Կյանքս դատարկության մատնեցիր...
Գուցե դու ճիշտ ես.
Թե չդատարկեի հոգիս ես այսօր,
Նոր ավյունով չէի լիցքավորվի. --
Բաժակիդ ջուրը շատ էր պղտորվել`
Անցյալում կատարված մեղքերիդ դիմաց:
Իսկ հոտած ջրերում
Ինչ որ փնտրում էիր,
Արդեն դու գտար...
Թեպետ փոշմանած
Գտածից հոտած`
Ողբում ես հիմա
Կորստիդ համար,
Որ ես էլ քոնը չեմ
Եվ չեմ էլ լինի...
Ես քեզ ներում եմ,
Բայց չեմ ընդունում...
Եվ որպես քրիստոնյա`
Ես թափ եմ տալիս
Փոշին ոտքերիս
Ու լուռ հեռանում...
Շ. Վ. - 12/21/2017
Արցունքակալված հայացքիս ներքո
Աշխարհն այնքան աղճատված թվաց,
Եվ այդ կոտրտված աղճատվածության մեջ
Վեր հառնեց դարիս սրիկան`
Իր ողջ ճղճիմ էությամբ հանդերձ:
Եվ այդ սրիկան հենց դու էիր, որ կայիր.
Դու, որ պատառ-պատառ արեցիր ճակատիս գիրը`
Թիրախում ունեցար պայծառ տեսնելու այն նշանակետը,
Որը միանգամից տանում է մահվան:
Դու սխալ մեկին ես թիրախավորել, գիտե՞ս.
Իմ մահով ճանապարհդ մաքրելու փոխարեն`
Ես Փյունիկ թռչունի պես
Վերածնվում եմ ահա այսպես:
Երբ արցունքներիս հորդը դադարի,
Աշխարհդ կցողվի դրանց շիթերով.
Եվ միայն այնժամ դուք կհասկանաք,
Որ դժոխք եք դարձրել ձեր կյանքն ինքներդ:
Իսկ մինչ այդ` ժամանակն է,
Որ դարիս ծիածանը երկնեմ.
Մի նոր ծիածան,
Որ ելնում է վեր արցունքից հետո...
Շ. Վ. - 12/21/2017
Մեքենա չեմ,
Որ ցանկացած պահի
Դիմապակու մաքրիչ գործածեմ
Ու հայացքիս արցունքակալած
պղտորը մաքրեմ:
Մարդ եմ`
Այս բառի այն մեծ իմաստով,
Որը շատերին է խորթացած այսօր:
Կարծեցիք, թե ուրիշի դժբախտության վրա
Երջանկության պալատներ կսարքե՞ք.
Պալատներ, որոնք ձեր իսկ չար կամքով
Վերածեցիք պապական դամբարանների:
Չէ, բավական է դեգերեմ ձեզ հետ.
Դատարկ ու չնչին
Այս մեծ գերեզմանում
Ձեր կողքին այլևս
Ոչ մի տեղ չունեմ:
Մեր ճանապարհները երբեք չեն խաչվի.
Իմը` վեր տանող ճանապարհն է...
Իսկ դու, երբ փորձեցիր
Զուգահեռաբար իրարից տարբեր երկու կյանք ապրել,
Դու կորցրեցիր երկուսին էլ միաժամանակ:
Դու կործանվեցիր
Ու քեզ հետ տարար
Քեզ պես կործանված
Հոգիների լեգիոն.
Իսկ գո՞ւցե բարին հենց այդ է, որ կա,
Բնավ չգիտեմ...
Շ. Վ. - 12/21/2017
ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐ
Ասում են`
Մենք ուր էլ գնանք,
Տուն ենք վերադառնում.
Իսկ ու՞ր է քո տունը,
Փորձիր այդ պարզել։
Մի սպասիր,
Թե հորդառատ անձրևից հետո
Գետն ինքն իր հունը փորի աջ ու ձախ
Մինչև պղտոր ջրերը պարզվեն մի օր,
Այլ խնամքով փայփայիր
Այն երեք վտակները փորված,
Որոնք միշտ քոնն են եղել`
Քո խնամքին կարոտ։
Կյանքի վայելքները
Մի' գերադասիր հոգուց առավել,
Եվ հրեշտակի նման
Ես քեզ կուղղորդեմ
Ճիշտ ճանապարհով։
Այո, մի կյանք ենք միայն ապրելու,
Բայց թող այդ կյանքը
Արժանավայել լինի մեզ
Ու եկող քո սերունդներին։
Շ. Վ. - 12/20/2017
Ես մտա քո կյանք`
Հոգիդ փրկելու մեծ կործանումից։
Ու սեփական կործանված կյանքս
Քեզ ի ցույց դրի. --
Զոհասեղանին հիմա ես եմ
Ու քո խիղճը մարդկային։
Եթե ինձ զոհես`
Կգնահատեմ անձնազոհությունդ մեծ
Ու պահապան հրեշտակի նման
Կհսկեմ անդորրդ ու պայծառ ապագադ։
Բայց եթե դու էլ շատերի նման
Խիղճդ կորցնես,
Ավելի մեծ ցավ
Ինձ կպատճառես. --
Մարմնի փոխարեն
Հոգիս կաղճատես...
Չէ՞ որ հայելանման
Անդրադարձդ եմ ես...
Շ. Վ. - 12/20/2017
ՄԱՀ ԷԼ ԿԱ` ՄԱՀ ԷԼ
Մահ կա` հոգիդ է տանում այլ աշխարհ,
Մահ էլ կա` գցում է քեզ չգոյության մեջ,
Որտեղ տիրում է հավիտյան
Ունայնությունն ունայնության։
Երեկ ես կամավոր գնացի այնտեղ`
Իմ իսկ որոշմամբ և ստորագիր հաստատմամբ։
Եվ այնտեղ ես տեսա
Խավարն անծայրածիր ու հավիտենական։
Ուրեմն` ես հասել էի
Աստծո նախասկզբնական ժամանակների՞ն,
Երբ լույսը ստեղծելուց դեռ դարեր առաջ
Աստծո հոգին էր շրջում ջրերի վրա.
Եվ ամենուր խավար էր համատարած...
Այս ի՞նչ հեգնանք է ճակատագրի։
Չէ՞ որ ես այնտեղ ոչինչ չէի զգում,
Չէի տեսնում ոչինչ` չէի լսում հոգուս.
Եվ ժամանակն էր կանգնել առհավետ...
Եվ այդ խաղաղ ոչնչությունից
Երբ ինձ արթնացրին,
Ես պարզ հասկացա,
Որ հոգի չունեմ,
Եվ գուցե երբեք էլ չեմ ունեցել այն`
Ձեր պատկերացրած այն հոգին անտես. --
Հավերժ սավառնող կամ թե դեգերող
Եվ տարբեր աշխարհներում իր տեղը փնտրող։
Իսկ գո՞ւցե սա արդյունքն է այն գործողության,
Որ ես կամավոր ինձ քնեցրեցի. թեպետ կարճատև,
Ինչպես վարվում են շատերը,
Երբ որոշում են իրենց կենդանուն քնեցնել հավետ.
կամ էլ ազգականի օդերն են փակում։
Իսկ մի՞թե Աստված ազատ կամք տվեց,
Որպեսզի նրա դերը մենք ստանձնենք այսպես։
Հիմա շփոթված կանգնած եմ մենակ`
Հոգեբանական անդունդի եզրին
Եվ չեմ հասկանում, թե ինչ եմ ուզում`
Անմահության ձգտող մի հոգի՞ դառնալ,
Թե Աստծո հետ այնքան համաձույլ մի մեծ հոգեգունդ,
Որտեղ ոչինչից բացի չես գտնի ոչինչ։
Աղաչում եմ ձեզ`
Մի' սպանեք դուք մեզ,
Թողեք, որ մահվանն ինքնուրույն հասնենք,
Որ ճանապարհով էլ որ մենք ընթանանք...
Շ. Վ. - 12/20/2017
...Մենք բոլորս հոգիներ ենք թափառական...
Մեկ հոգի, երկու, և ավելի քան մեկ ու կես միլիոն...
Ես և դու,
Ինչպես և մեզանից շատերը,
Ծնվել ենք դրախտում, մեծացել այնտեղ
Եվ հետո կամավոր լքել այն միակ վայրը,
Որտեղից սնվում էր մեր ագահ հոգին։
Աստված դրախտից մեզ չվտարեց,
Ինչպես Ադամին ու իր կողակցին,
Այլ տվեց մեզ ազատ կամք ապրելու,
Եվ մենք կամավոր փախանք այդ երկրից,
Պատճառաբանելով հացի խնդիրը։
Եվ հիմա օտար այս տափաստանում,
Արհեստական այս նոր աշխարհում
Դու քո դրախտն ես փորձում կառուցել.
Հող ես հարթեցնում ու ցորեն ցանում,
Որպեսզի լուծվի հացի խնդիրը։
Մինչդեռ մեր հողը այնտեղ` մեր երկրում,
Ավելի բերրի է` ոչ արհեստածին։
Այսպես է հայը` թափառող հոգի.
Շինական, շինարար` օտար հողերում։
Մինչդեռ երկիրս` լքյալ ու մենակ,
Միշտ սպասում է մեզ`
Ծնողական մեծ հոգածությամբ։
Տե'ս, դրախտն այդ մեր
Ձեռքերն է պարզել առ Աստված, ասես`
Խնդրելով, որ հացի խնդրի մենաշնորհը
Աստված իրեն տա։
Չէ՞ որ հողերն այդ պարարտ են վաղուց`
Ամփոփված սրբացած այն շիրիմներով,
Որ դարեր շարունակ օծվել են
Քաղցրահամ բերքով չքաղված։
Անխելք մարդու հեքիաթը գիտե՞ս.
Թողած կենաց ծառը մեր հայրենիքի,
Մենք կյանք ենք փնտրում այն ծառերի մեջ,
Որոնց ինքներս ենք արհեստական շունչ
Ու սնունդ տալիս։
Մինչդեռ` մեզանից նեղացած,
Մեր ծառը կյանքի` լքված դրախտում
Կոտրել է ճյուղերն իր առատ բերքից
Ու մենակ նստած նայում է տխուր`
Հողում փտող նոր սերունդներին:
Նա, տե'ս, ողբում է կյանքից վշտացած
Ու շշնջում անհույս.
«Ես ամեն տարի թաղում եմ
Քաղցրահամ իմ զավակներին,
Որ այնքան ջահել էին ու շատ կենսատու։
Թաղելով իմ հողում` դարձնում եմ երկիրը
Մի մեծ դրախտավայր` պարարտ, պտղատու.
Մինչդեռ, որդիները քո
Դրախտ են փնտրում օտար ափերում,
Բայց երբ ծերանում`
Ուզում են թաղվել հայրենի հողում`
Խառնվելով քաղցր մեր զավակներին։
Եվ օտարածին բացիլներ բերելով,
Լցնում են սուրբ հողը իրենց դիերով`
Դարձնում երկիրը մեծ գերեզմանոց։
Ո՛վ որդիներս` ինքնազոհ և սուրբ,
Փորձեք սրբագրել այդ օտարներին.
Թո'ղ, որ քաղցրահամ ձեր մարմինները
Օծեն, մաքրագրեն դավաճաններին:
Ու թե տարիներ անց պարարտ հող ստեղծվի
Ու դրախտ կերտենք,
Թո'ղ որ վերածվի երկիրն այս փոքրիկ
Հացի կենտրոնի` ի տես աշխարհի,
Որ որդիներդ այս հողից սրբազան
Այլևս երբեք հեռու չգնան...
»
Շ. Վ. - 12/1/2017
Հոգիդ հոգուս գտավ`
Միայնակ ու տխուր,
Կյանքի հարվածներից կքած`
Լքված ու մոլոր:
Եվ դու հանձն առար
մի առաքելություն,
Որը հաճո է մեծ երկնավորին,
Այն է`
Փրկել գեթ մի կործանվող հոգի,
Թեպետ հազարին ինքդ ես կործանել:
Դու փոխվել ես հիմա`
Ես գիտեմ:
Դու հոգևոր մահ էիր ապրում,
Բայց երբ ինձ գտար,
Հանկարծ սթափվեցիր,
Եվ ես քո խիղճը դարձա ակամա
Ու հոգուդ մշտական ուղեկիցն
այս կյանքում:
Դու վերջապես գտար
Այն մաքրամաքուր պրիզման կատարյալ,
Որի միջով փորձեցիր անցկացնել
Կործանվող հոգիդ:
Եվ երբ խուպդ բախվեց
Այն քարին, որ մեղք էր կոչվում,
Դու սթափվեցիր մի պահ
Եվ այնքան պարզ տեսար
Անցյալիդ սխալներն անհամար:
Երբ դու կքած էիր
Մեղկից ու մեղքից ամբարիշտ,
Հանկարծ քո խիղճը շարժվեց մի պահ,
Ու այն պարուրեց քեզ
Մի հավերժական բարությամբ ու սիրով:
Հիմա թակարդված ես ասես
Մի աստվածայի՛ն դրախտում անեզերք,
Որտեղ կառուցում ես
տներ անհամար`
Մեզ կործանումից փրկելու համար:
Մեր հոգիներն օրհնված են այսօր,
Ինչպես օրհնված ես դու
Եվ սերունդներդ գալիք,
Քանզի հոգիդ փրկեց իմ հոգուն առհավետ
Այն մեծ կործանումից,
Որն անդառնալի էր թվում ասես:
Շ. Վ. - 10/29/2017
Ինձ ցավ պատճառելը
Վտանգավոր է այնպես.
Դու շատ լավ գիտես...
Հոգիս չի դիմանա
Նոր հարվածների.
Դու այդ էլ գիտես,
Բայց դեռ սեր ես շշնջում`
Իմ լերդացած ու մեռած
Լսուղիներում...
Սակայն չգիտես
Ճշմարտությունն այն պարզ,
Որ կոտրված սրտին
Ետ դարձի ճամփա
Այլևս չկա...
Դու այնտեղ ես,
Այն հեռավոր անցյալում անտես,
Որտեղից հեքիաթի հերոսին անգամ
Վերադարձ չկա,
Որտեղ թաղել ես արդեն
Իմ հոգին հավետ...
Ախ, ինչքան կուզեի
Շրջանցել կյանքիս
Ոլորանն այդ կործանարար,
Ու վատ երազից արթնացածի պես
Ժպտայի աշխարհին
Ու փառք տայի Աստծուն,
Որ այդ երազ էր`
Լոկ քնի արդյունք:
Շ. Վ. - 10/29/2017
Մենք բոլորս
Հոգիներ ենք կործանված.
Ո՞վ կործանեց մեզ,
Մենք էլ չգիտենք:
Իսկ գուցե մե՞նք ենք
ինքներս մեզ կործանել:
Ո՞վ գիտե`
կյանքի օրենքն է դաժան.
Սխալ չգործես,
Միևնույն է,
Ուրիշի սխալին
Զոհ կմատուցվես:
Վթարից հետո
Ո՞ւմ հոգն է, թե դու
Ոտքդ կկոտրես,
Գլուխդ, թե՞ հոգիդ:
Եղածը` եղած է,
Լինի քո մեղքով,
Թե դիմացինի:
Շ. Վ. - 10/27/2017
Թե կուզես ինձ տեսնել,
Փնտրիր հայելու մեջ,
Ես այնտեղ եմ`
Հայացքիդ մութ խորխորատում...
Ես միշտ այնտեղ եմ,
Որտեղ ես չկամ,
Եվ թվացյալ է
աշխարհն այս անհուն...
Ես ծպտված եմ ամենուր ասես.
Թաքնված, անտես`
հոգուդ գողտրիկ անկյունում...
Ես քո խիղճն եմ դարավոր`
Ադամական մեղքից սերմանված,
Ես հոգուդ ստվերն եմ`
Միշտ լույս ճառագող
Եվ երազանքներիդ ուղին հարդարող...
Փնտրիր ինձ այնտեղ,
Որտեղ ես չկամ,
Եվ դու կգտնես
Ինքդ քեզ մի օր...
Շ. Վ. - 10/25/2017
Ես քո ներքին ձայնն եմ...
Այն ձայնը,
Որի հետ պայքարում ես համառորեն
արդեն քանի հազարամյակ:
Ես քո խիղճն եմ, քո հոգին եմ,
ու մտքիդ լռությունն եմ.
Այն թվացյալ լռությունը,
որի թիկունքում թաքնված`
Փորձում ես խեղդել
սեփական վիշտդ:
Բայց սպասիր,
Նայիր հայելու մեջ
ու փորձիր շտկել
աղճատված արտացոլանքդ:
Ես այնտեղ եմ`
Հայելու խորքում,
Քո իսկ պատկերով կերտված,
Քո իսկ մտքերից վշտացած:
Սրբիր խունացած
հայելու արցունքները սիրով,
Եվ կարծես ակամա
կհստականան դիմագծերդ անգամ:
Գիտեմ, երկար ես փնտրել
պատանեկան անմեղ դեմքդ
հայելու խորքերում,
Բայց հայելին անցյալ չունի քեզ նման,
Եվ ոչ էլ հիշողություն`
անցյալդ այնտեղ պահելու համար:
Նա քո ներկան է միայն,
Եվ գուցե ապագան,
Եվ հոգուդ լույսի միակ լուռ վկան:
Հարթիր մտքիդ կնճիռները խորունկ,
Եվ հայելու մեջ կտեսնես
Լույսի կուրացնող շողերը պայծառ:
Հետևիր լույսին,
Որ չխարխափես
Անցյալի խավար խորխորատներում...
Շ. Վ. - 10/20/2017
Ամեն տարի
Հետևելով թագավորական կարգին,
Ես լքում եմ իմ ճոխ ապարանքը,
Վերցնում եմ աղքատի ուսապարկը
Եվ թափառում եմ երկրից երկիր`
Տեսնելու հասարակ մարդկանց
Ապրուստն ու վարքը:
Եվ տարեց-տարի
Ես զարմանում եմ,
Թե այս աշխարհն ինչքան է փոխվել,
Ինչքան են մարդիկ չարացել անսահման
Ու դարձել դաժանության աղբյուր
Եվ մահ են ծնում ամենուր:
Իսկ իրականում,
Մահը պետք է մահանար վաղուց,
Այլ ոչ թե ծնվեր ու այսպես բազմանար:
Բարություն ու սեր
Պետք է սերմանվեր,
Այլ ոչ թե ցասում:
Այս բիրտ բարքերն են տանում երկրագունդը
Դեպի կործանում:
Շ. Վ. - 7/5/2017
ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՄԱՅՐԱՄՈՒՏ
Մայրամուտս ձգվեց, ձգվեց
Ու տարածվեց ողջ երկնակամարով մեկ։
Ժամանակի ու տարածության տեղաշարժին համընթաց,
Մեկնելիս ես ինձ հետ տարա արևածագը`
նոր ծագող լույսը, կամ գուցե հու՞յսը մի նոր բարիքի։
Ես էլ արևի նման ջերմությունն իմ սրտում`
Ընդառաջ գնացի անհայտ աշխարհին։
Իսկ հիմա մայրամուտի տխրությամբ պարուրված,
Ես էլ եմ սև գիշեր գուժում աշխարհին։
Ասում են, մարդիկ հիանում են ինձնով,
Իսկ ես միևնույն է` մնում եմ անհաս`
Վերադառնալով մայրամուտս սրտում...
Շ. Վ. - 7/5/2017
Ես գնում եմ նոր արկածներին ընդառաջ`
Ինձ հետ տանելով արևածագը,
Որը երկար ձգվում էր ժամանակի ու տարածության միջև։
Ամոթխած արևի կարմրատակած այտերի ջերմությունը
Կամաց-կամաց սկսում է այրել` մոխրացնելու աստիճան։
Եվ այսպես ամեն օր։
Բայց մի օր հրաշք կատարվեց.
Թռիչքս, որ սկսեց արևածագին,
տևեց երեք ժամ, որի շնորհիվ
ընկելով ժամային գոտու տիրույթների մեջ`
Ամբողջ երեք ժամ
ես վայելեցի արևածագը։
Իսկ վերադարձին`
կրկին երեք ժամ
սավառնում էի
մայրամուտի տիրույթներում։
Շ. Վ. - 7/5/2017
Աշխարհիկ մարդակերպ հրեշներից փախչելով,
Լոխ-նեսի փրփրակալած ալիքներում
Փնտրում էի խորհրդավոր հրեշին։
Մինչդեռ հրեշներ տեսնելու համար
Պետք չէր հասնել աշխարհի ծայրը.
Նրանք մեր շուրջն են և ամենուր են`
Կեղծ ու պիղծ, դավաճան ու խաբող։
Շ. Վ. - 7/5/2017
Կրծոտված երկրագունդը գլորվեց
Ու ընկավ ոտքերիս տակ։
Իր բզկտվածությամբ հանդերձ`
Նա նույնքան գեղեցիկ էր
Ինչպես երբևէ.
Իմ աշխարհն այդպես էլ անհայտ մնաց ձեզ,
Իսկ տիեզերական մթնոլորտային ճնշումը
Դաժան ձմեռ էր կանխագուշակում...
Շ. Վ. - 7/5/2017
Գլխապտույտ արագությամբ երկրագունդը պտտվեց,
պտտվեց ու ինձ նետեց ժամանակի անդունդը...
...Ես մի գիշերում հասա ծերացման։
Խնդրում եմ, կանգնեցրեք այս մեծ գունդը,
Որ ես հեռանամ...
Շ. Վ. - 7/5/2017
Արևս կոտրվեց ափերիս մեջ...
Արևս, որ նվեր էի ստացել ծեր գնչուհուց,
Հանկարծ փշրվեց ու բեկոր-բեկոր ընկավ երկնքից։
Հիմա այն ինչ տեսնում եք երկնքում կախված,
Այդ արևս չէ, այլ ոչ մեկին պատկանող մի լուսատու գունդ,
Որից ճառագող ջերմությունը գոյանում է մարդկանց սրտերից։
... այլևս ցուրտ է ձեր աշխարհում,
և ես կամաց-կամաց սառչում եմ
այս հազարամյա խորության գերեզմանում...
Շ. Վ. - 7/5/2017
Դու դողում էիր
մազապուրծ եղած
թռչնակի նման․
Ձեռքերիդ դողը
հոսանքի նման
ինձ էր փոխանցվում,
Եվ ես զգում էի
սրտիդ զարկերն անկանոն։
Դու, որ փորձում էիր
այնքան խնամքով
թաքցնել հուզմունքդ,
Հանկարծ փոխվեցիր․
Եվ հոգիդ զգացի
ձեռքիս ափի մեջ,
Այն պարզ ու բարի
հոգին մարդկային,
Որ դիմակայել է
Ճակատագրի բիրտ
հարվածներին,
Բայց մնացել է
այնքան աննկուն,
այնքան անկոտրում
Ու այնքան մաքուր:
Շ. Վ. - 7/5/2017
Դու իմ փրկողակն ես, սիրելիս,
Այն շրջափակող օղակը կյանքիս,
Որից դուրս գալը մահվան է նման:
Դու` իմ մտքերի ու երազանքների
Միակ օազիս...
Ես կամագրվում եմ հավերժ ստրկության
Եվ տենչում ապրել
Փակօղակիդ մեջ
թեկուզ մեկ վայրկյան...
Սեղմիր այդ օղը
երբ որ կամենաս տեսնել,
Թե ինչպես է զոհդ
հեռանում կյանքից...
Պատրաստ եմ դրան...
Շ. Վ. - 6/1/2017
Ես ամեն օր խնամքով հավաքում եմ
Փշուր-փշուր եղած
Պատրանքիս բեկորները ցիրուցան,
Բայց այդպես էլ չեմ գտնում
Այն վերջին կտորը հույսի,
Որով կամբողջանա
Երազանքներիս մեծ կտավն իրական:
Թող որ այդպես էլ հավերժ քնանամ...
Շ. Վ. - 6/1/2017
Փակված սենյակում`
Լսում եմ քո երգն անդադար,
Եվ նույնացնելով
քեզ քո երգի հետ`
Ես քեզ եմ տենչում:
Որքան էլ ձգտեմ,
Երբեք հանդիպում
Չեմ փնտրի քեզ հետ.
Թող որ պատրանքս
Մնա քո մասին առհավետ
Եվ ինձ ապրեցնի:
Պատրանք չէ՞ միթե
Այս կյանքը արդյոք,
Երբ վիրտուալ իրականությունից դուրս
Ասես կյանք չկա:
Բայց երբ այդ անհայտ
անորոշությունն իրական դառնա հանկարծ,
Այդ պատրանքի գունդը
ինքն էլ կանէանա անտես`
Նետելով մեզ իրականության մեծ հորձանուտը:
Այդ իսկ պատճառով
Մենք չենք հանդիպի
Երբեք այս կյանքում.
Թող որ ես ապրեմ քեզ երազելով,
Քանզի արթնացումն ինձ համար
Շատ դաժան կլինի...
Շ. Վ. - 6/1/2017
Ի՞նչ ես ուզում ինձանից, - ասացիր:
Քեզանի՞ց...
Ուզո՞ւմ...
Իսկ ինչպե՞ս կարող ես
Դու ինձ տալ մի բան,
Ինչ ինքդ էլ չունես.-
'Հավերժական սեր...'
Այս կյանքում, սիրելիս,
Ես ունեմ ամեն ինչ,
Եվ ընչաքաղց մարդիկ
Ինձ երանի կտային:
Բայց չունեմ թերևս
ամենակարևորը`
քո սերն ու ներկայությունն
իմ կյանքում:
Դու չեղար ոչ իմ անցյալը,
Ոչ ներկան, և ոչ էլ կլինես ապագան:
Դու մի փոթերիկ էիր,
Մի քամի կործանարար,
Որ մրրկահողմի պես
ներխուժեցիր իմ կյանք,
Պտտահողմի արագությամբ
պոկեցիր հոգիս ու տարար հեռու`
օվկիանոսից էլ անդին:
Իսկ հոգուս փշրված բեկորները գտնելու համար
Ինձ մի հավերժություն էլ չէր բավարարի...
Շ. Վ. - 6/1/2017
Երանի ես քեզ չճանաչեի, իմ սեր,
Երանի հոգուս խաղաղությունը չկորցնեի այսպես:
Գիտեմ, դու այն չես ինչ ներկայանում ես:
Դու ավելին ես, կատարյալ մի էակ,
Ում կողքով անցնելու բախտն ինձ չէր վիճակված:
Դու կատարյալ ես քո չգոյությամբ:
Դու կաս և չկաս,
Թե հնարովի ես, և թե իրական:
Դու իմ կուռքն ես
Իմ մտքի ապարանքներում,
Եվ նաև այն տխուր
ու միայնակ լքյալը,
Ով խոր ծերության մեջ
Ետ կնայի մի օր
Եվ կտեսնի,
Որ ես էի այն միակ
Լուսավոր կետն իր կյանքի,
Որից այդքան արագ հեռացավ:
Դու ճիշտ ես, հոգիս,
Մենք շատ ենք տարբեր:
Որքան էլ քո մեջ տեսնեմ
Արտացոլումն իմ դաջված հոգու,
Նույն հապճեպությամբ
Կփախչես ինձնից.
Իսկ ինքդ քեզնից
ո՞ւր պիտի փախչես,
Չէ՞ որ ես և դու
նույն հոգու
տարբեր կողմերն ենք դարձել:
Շ. Վ. - 6/1/2017
Դու փոթորկի պես
Մտար իմ հոգին
Եվ ալեկոծեցիր
Ողջ էությունս:
Քամու հետ ինձ համեմատեցիր,
Երբ իմ փոթորիկը
Դու էիր, սիրելիս:
Որքան էլ սառը շունչդ
ինձ ուղղես,
Ես միևնույն է`
Քեզ եմ սիրելու:
Եվ խելակորույս
Այս ամբոխի մեջ
Ես քեզ եմ փնտրում,
Միայն քեզ, հոգիս:
Ես սիրում եմ քեզ
ու այրվում այդ սիրուց,
Որքան էլ սառը շունչդ
ինձ փչես...
Շ. Վ. - 6/1/2017
Ասում ես,
Գժվեցի՞ր նորից.
Ես գիժ չեմ,
որ գժվեմ,
Ես խենթ եմ,
Անհույս մի խենթ,
Սիրելիս:
Խենթ չլինեի,
Կփախչե՞ի քեզնից`
անվերադարձ...
Խենթ չլինեի,
Հոգիս խորտակված
Կթողնե՞ի քեզ մոտ,
Որ ամբողջ կյանքում
Փնտրեի այդ հոգին
Օտար ամայի
ճանապարհներում:
Այսօր քեզ մոտ եմ եկել,
Սիրելիս
Եվ խնդրում եմ քեզ`
Ետ տուր իմ հոգին,
Որ մեռնեմ հանգիստ.
Ինչպես ասում են`
հոգիս ավանդեմ
ու վերադարձնեմ
նախնական կյանքին...
Շ. Վ. - 6/1/2017
Քո լռության մեջ
Զայրույթ եմ տեսնում,
Մի անմեղ զայրույթ,
Մանկական մի խաղ,
Որի պատճառը
Հայտնի չէ բնավ։
Դու երազներիս
Արքա զորավոր,
Բաշխիր ցավդ ինձ`
Միասին տրտմենք։
Քո լռությունը
Սպանում է ասես։
Իսկ ես ամենուր
Քեզ եմ որոնում
Եվ ձայնդ եմ լսում
Այս խորունկ
ու համատարած
Լուռ լռության մեջ...
Շ. Վ. - 6/1/2017
Հիմա ես ապրում եմ
քո ժամանակագոտում,
Քո հոգու տարածքներում,
Եվ կյանքիդ հորիզոնում։
Ես տարվել եմ քեզնով
Ինչպես ափիոնին գերված թմրամոլ,
Ինչպես Փոքրիկ Իշխանն էր սիրում իր վարդին,
Կամ ինչպես Շամիրամն`Արա Գեղեցիկին։
Դու դարձար իմ ողջ կյանքն ու մանանան երկնային...
Շ. Վ. - 6/1/2017
Սիրող սրտերի համար
Տարածությունն ու ժամանակը ի՞նչ են,
Եթե ոչ մարդկանց կողմից ստեղծված
Արհեստական պատնեշներ։
Այ օրինակ, իմ Փոքրիկ Իշխանի մոլորակում
Իսպառ ջնջված են դրանք։
Մեր մոլորակին նստած
ճամփորդում ենք մենք
տիեզերքով մեկ`
Մերթ աջ, մերթ ձախ,
կամ էլ միշտ վեր.
Դեպի անհայտն ենք թռչում։
Բայց զգուշանում ենք ցած գլորվելուց,
Որ հանկարծ պատահմամբ
մենք վայր չընկնեք
Երկիր մոլորակ,
Որտեղ այնքան սահմանափակ են մարդիկ
անգամ մտքի թռիչքներում։
Բոլոր ժամանակներում է այդպես եղել, գիտե՞ք։
Շ. Վ. - 6/1/2017
Կես դար էր անհրաժեշտ
Որպեսզի վերջապես
Ես գտնեի քեզ
Աշխարհի հակառակ կողմերում:
Ասում են,
Թե փոթորիկները
կործանարար են դառնում,
Բայց այս մեկը, հոգիս,
Պարզապես միավորեց
Այն երկու մայրցամաքները,
Որոնք այնքան հեռու էին թվում միմյանցից:
Քեզ գտնելով
Կորցրեցի հոգուս անդորրը իսպառ.
Դու իմ վերջին սեր,
Բայց և միակը
Այս ողջ աշխարհում...
Շ. Վ. - 6/1/2017
Գերեզմանամեղուն
օրն ի բուն հոտոտում էր
գերեզմանատան ծաղիկները
և բուրավետ մեղր պատրաստում
մեռելահոտ ծաղիկներից։
Մեղվին ի՞նչ,
թե այդ ծաղիկներն արդեն
մահացած լինեին։
...Մահվանից հետո
նրանք դեռ այնքան
նեկտար էին տալու,
որ մեզ ապրեցնեին...
Շ. Վ. - 6/1/2017
Ատոմը տրոհվում է մասնիկների,
Բայը խոնարհվում է,
Իսկ կյանքը՝ շարունակվում։
Իսկ ո՞ւմ առջև է խոնարհվում,
ասենք, «սիրել» բայը․
Գլուխը խոնարհած սիրող կնո՞ջ,
Թե՞ հոգին տրոհող սիրեցյալի։
Ադամ, Եվա և Լիլիթ եռանկյունուց
Մեզ հասան միայն
եռանկյան այս երեք կողմերը․
Իսկ ո՞ւր մնաց այն եռանկյունին,
Որ ընտանիք էր մի օր կոչվելու։
Մարդկությունը ջնջվեց
բոլորի միջից ու անԷացավ
Թվացյալ սիրո բիրտ ճիրաններո՞ւմ։
Եվ մի՞թե պատմությունը դաս չեղավ
անիրական Լիլիթներին ձգտող Ադամների համար․
Երբ չունեցածիդ հասնելու համար
կորցնում ես տարիներով ձեռք բերածդ
Եվ վերջում կանգնում
«Հիասթափություն» կոչվող
դատարկ գնդի մեջ։
Շ. Վ. - 5/1/2017
Արմատս էիր,
Դարձար ածանցյալ,
Դարձար մի կցորդ ոմն չարիքի։
Եվ թողնելով քո կատարյալ կյանքը`
Ինչ-որ մեկի անկատար մնացած կյանքին կցվեցիր։
Եվ մարդիկ հոլովում են անունդ հիմա,
Փնովում են, ձաղկում ու պախարակում։
Մինչդեռ խոնարհվում ես ինքդ էլ չարին ու չարագործին`
Անկատար թողնելով այնքան կատարյալ թվացող երջանկությունդ։
Բայց հիշիր`
Չարին էլ վերջ կգա մի օր...
Շ. Վ. - 5/1/2017
Ես և դու թափառում էինք հոգևորի տիրույթներում,
Երբ հանկարծ շրջվեցի և տեսա,
Թե ինչպես ճեղքեցիր սեփական ստվերիդ ուրվագիծը
Եվ մի ակնթարթում հանկարծակի դարձար
Մահկանացուների մեղսակիցը։
Ինձնից հեռանալով` գերադասեցիր դժոխքը...
Հոգիս շատ կուզեր ասել`
«Աստված քեզ հետ
»,
Բայց` ոչ դժոխքում։
Այլևս բավ է.
Դժոխային կործանարար հոգիները
Իմ տիրույթներում անելիք չունեն...
Շ. Վ. - 5/1/2017
Շուրջս պտտվելով փորձում ես ներկայությունդ ապահովել իմ կյանքում.
Հիմա դու նման ես այն մանրասիրտ միջատներին,
Որոնք պտտվելով լույսի շուրջը,
Ինքնակորույս փորձում են նետվել
Ջերմություն ճառագող աղբյուրի մեջ։
Բայց ավաղ, լույսի ջերմությունից
Չորչորուկ մարմիններն այդ անմեղ թվացող արարածների
Այնքան են ջերմազրկվում ու սմքում,
Որ չորացած փայտի պես ճարճատում են լույսի հետ շփվելիս
Եվ հավերժ հրաժեշտ տալիս սեփական շնչին։
Պահպանիր շունչդ,
Այն քեզ պետք կգա...
Շ. Վ. - 5/1/2017
Դու չգնահատեցիր այն ադամանդը,
Որը քոնն էր այսքան տարի․
Փոխարենը՝
Անտաշ ալմաստ ձեռք բերեցիր
քո կամքից անկախ․
Եվ որքան էլ փորձես՝
Անտաշ քարը
միշտ էլ գետնին կմնա․․․
Շ. Վ. - 5/1/2017
Լույսից կուրացած` սկսեցիր խարխափել խավարում։
Հիմա քեզ նորից մի ամբողջ կյանք է պետք`
Դեպի լույս գնալու ուղին գտնելու։
Դու կործանվում ես...
Շ. Վ. - 5/1/2017
Դու հոգուս ողբը դաժան սաստեցիր,
Մինչդեռ իսկական ողբը ներխուժեց քո կյանք`
իմ հեռացումով...
...ոչ երանի քեզ ու պրկվող նյարդերիդ։
Շ. Վ. - 5/1/2017
Ոտքերս խրված են ճահճի մեջ․
Ինչ֊որ մեկն ինձ ասաց,
Թե այդ սիրո ճահիճն է կարծես,
Բայց ոչ․―
Այդ ճահիճն է մեր անխոհեմության,
Որ երիտասարդին լճակ է թվում,
Որը ուռճանում մեծ լիճ է դառնում,
Հետո աղի արցունքի մի ծով գոյանում,
Եվ միայն այնժամ,
Երբ ծովը փոթորկում, ափեափ զարնվում,
Եվ ըմբոստանում է իր ճակատագրին,
Ճնշվում անհայտ ուժերից հետո,
Այնժամ պարփակվում,
Ճահճանում իր մեջ,
Հետո ծերանում ու անպտուղ մեռնում`
Հետևում թողնելով
Բյուրեղակալված աղի հատիկներ
Եվ մեռյալ ծովի պատմական կնիք,
Եվ մի փոքրիկ կտակ առ այն,
Որ ծովի աղ ուտողներին
Չվիճակվի նույն բախտը,
Այլ լինի առողջ և լինի խոհեմ,
Եվ ինչպես ասում են.
«Առաջ իր ծառը նա ջրի նախքան...»
-Դե, դուք հասկացաք մնացածը:
Շ. Վ. - 5/1/2017
Նա շուն չէր սովորական,
Այլ մի ամբողջ կյանք
Ու բաբախող մի սիրտ ահռելի...
Մահվանից առաջ
Նա իր գեղեցիկ մեծ աչուկներով
Կյանք էր աղերսում ինձանից ասես...
Ախ, երանի տիրապետեի շնչափոխանցման արվեստին գերբնական
Եվ ողջ իմ շունչն ու հոգին նրան փոխանցեի։
Բայց ավաղ, նրա մեծ սիրտը չէր դիմանում իմ վշտին անհուն...
Եվ նա հեռացավ ինձանից հավետ,
Թեպետ մենք տարին սկսեցինք միասին`
Աստծոն աղոթելով
...
Շ. Վ. - 1/4/2016