a


Երեկո էր, ամենասովորական խաղաղ մի երեկո: Գրիգորի հայացքը թափառելով գետափին անկանոն ընկած քարաբեկորներին՝ նստելու համար մի հարմար քար գտավ: Դրա վրա քիչ թե շատ հարմար տեղավորվելով նա փորձեց իմի բերել խռնված մտքերն ու հասկանալ իր հետագա անելիքը: Արաքսի ջրերի ախորժալուր խշշոցը շոյում էր ականջը ու երբ փակում էր աչքերը, թվում էր, թե իր հարազատ Մոխրաբերդ գյուղում է, Վանա լճի ափին: Չնայած ճանապարհից հոգնատանջ մարմնի նվվոցին, արևախանձ դեմքին գոհունակություն կար: Վերջապես հասավ իր բաղձալի նպատակին. Արաքսի մյուս ափին է, հեռու թուրքական յաթաղանի սպառնալիքից…
Ողջ ընտանիքն իր հետ է բացի տասնհինգամյա որդուց՝ Մխիթարից, ում ստիպված ուղարկել էր քրոջ՝ Մարքրիտի հետ, որպեսզի նա գաղթի ճանապարհին մենակ չլինի: Հիմա միակ մտահոգությունը քույրն ու որդին են. տեսնես ո՞ւր են, ինչպե՞ս են… Իր հինգ զավակներից ավագը Ալեքսանն է, որ արդեն տասնյոթ տարեկան է: Բարձրահասակ չէ, բայց ջլապինդ է, աշխատասեր, տնտեսության մեջ իր հիմնական օգնականն է, իր թևն ու թիկունքը: Սիրահարված է, թեև աշխատում է ցույց չտալ: Շա՜տ ամոթխած է: Բայց ինքը հո գիտի, տեսնում էր, թե հարևան Գսպոյի աղջկան նայելիս ինչպե՜ս է հայացքը ջերմանում: Մտածում էր, որ աշնանը կնշանի որդուն, հարսի, թոռան տեր կդառնա, բայց հիմա ո՜վ գիտի, թե նրանք որտեղ են… Երկրորդ որդուն՝ Մխիթարին շատ է կարոտել, բայց ինչ արած, հո չէր կարող քրոջը մենակ թողնել… Սերոբը՝ երրորդ որդին ամենահամարձակն է, թեև նոր է բոլորել տասնմեկ տարին… Ամենակրտսերը Դավիթն է, ընդամենը հինգ տարեկան, բայց իր այդ կարճ կյանքում արդեն այնքան ցավ ու տառապանք է տեսել, որ դադարել է խոսել, գաղթի ամբողջ ճանապարհին մի բառ իսկ չի արտասանել… Իսկ Աղավնին, իր միակ դուստրը, որ մեծ է Դավթից… Հիշում է, երբ ծնվեց ու առաջին անգամ իրեն ցույց տվեցին, այնքան սպիտակ էր, որ միանգամից որոշեց՝ անունը Աղավնի պիտի դնի… Հիմա իսկական փոքրիկ տիկնիկ է, կապուտաչյա, շիկահեր, մազերը համարյա ծնկներին են հասնում ու երբ մայրը սանրում է դրանք, գլուխն ու մարմինն ասես ոսկեգույն շղարշով պատված լինեն…
Արաքսի ջրերի խշշոցն ականջին՝ հիշողությունների գիրկն ընկավ Գրիգորը: Դրվագ առ դրվագ վերհիշում էր գաղթի ողջ ճանապարհը, թե ինչպես սատկեց իրենց միակ եզը ու ստիպված ճանապարհին թողեցին նաև սայլը, թե ի՜նչ դժվարությամբ էին մաս-մաս տեղափոխում իրենց ոչ հարուստ ունեցվածքը ու հետո ստիպված էին ազատվել նաև իրերի մի մասից, որովհետև երբ փոքրիկ Դավիթն ու Աղավնին հոգնում էին, ստիպված էին գրկել նրանց, թե ինչպես մաքառելով գարնանային ձնհալից ու անձրևներից վարարած Արաքսի հոսանքի հետ՝ ինքն ու Ալեքսանն իրենց ուսերի վրա տանում էին Աղավնուն ու Դավթին, իսկ կինը՝ Սուսնուն կքած իրենց խղճուկ ունեցվածքի բեռան տակ՝ մի ձեռքով իրենից էր կախ ընկել, իսկ մյուսով՝ բռնել Սերոբին, որ ջուրը հանկարծ չքշի-տանի… Բայց ո՞ւր է ցորենով լի պարկը՝ իր ընտանիքի հիմնական սնունդը, մի՞թե մյուս ափին են թողել:
-Սուսնո՛ւ, Սուսնո՛ւ,- կնոջը ձայն տվեց Գրիգորը,- ցորնա պարկ պիրե՞ր ինք, թե՞ մոռցեր ինք էն ափ:
-Ապի ջան,-մոր բացասական պատասխանից մտահոգ ու ընկճված հորը դիմեց Ալեքսանը,-կուզի՞ս ես ձեռաց լող տամ, պիրեմ:
-Ամա՜ն, Ալեքսան, մկա ջրեր սառեր ին, ղիամաթ ի, Արաքս գետ վարարեր ի, վտանգավոր ի,- իրար խառնվեց Սուսնուն:
-Իդա ցորեն չարժի քու կյանք,- կատեգորիկ, առարկություն չընդունող տոնով, հայացքով որդուն սաստելով մռայլ արտաբերեց Գրիգորը:
Ալեքսանը խռովկան երեխայի պես շրթունքներն ուռեցնելով դեմքը շրջեց ծնողներից, բայց երբ հայացքն ընկավ գետափին միմյանց հետ անխռով խաղացող Աղավնուն ու Դավթին ու պատկերացրեց նրանց քաղցից թուլացած, կիսամեռ, հաստատ որոշեց՝ ինչ գնով էլ լինի, ետ կգնա պարկի հետևից, միայն թե այնպես, որ հայրն ու մայրն այդ մասին նախապես չիմանան:
…Երբ Ալեքսանն իր թաց հագուստով, բայց ցորենի պարկն ուսին երևաց քարերի ետևից և ժպտաց հորը մի տեսակ մեղավոր ժպիտով, հակասական զգացումների մի ամբողջ ալիք բարձրացավ Գրիգորի ներսում: Նա չգիտեր, ուրախանա՞, որ որդու անձնազոհ արարքի շնորհիվ սովամահության վտանգից փրկվեցին, հպարտանա՞ դրանով, թե՞ զայրանա, որ նա չանսաց իր խոսքին ու վտանգի ենթարկեց սեփական կյանքը: Իսկ ինքը, ինքն ինչպե՞ս կվարվեր Ալեքսանի փոխարեն: Երևի նույնը կաներ: Թերևս չարժե տղային նախատել, առանց այդ էլ իրենց կյանքում այնքա՜ն քիչ ուրախություն է մնացել…
Եվ երեկոյան ուշ, երբ մթությունն իր սև թիկնոցի տակ էր առել ամեն ինչ, իսկ մարդկային ճակատագրերի նկատմամբ անտարբեր Արաքսն ամեն օրվա պես իր գիշերային օրորոցայինն էր երգում, Գրիգորի ողջ ընտանիքը հենց խոտերի վրա սովորականի պես քուն մտավ:
Ամեն տեղանքում գիշերային լռությունն իր ձայներն ունի: Լռությունն ամենևին էլ անձայն չէ, ինչպես կարծում են շատերը, այլ ունի իր հնչերանգներն ու նրբերանգները: Սուսնուն վաղուց էր համոզվել դրանում, այն օրից, երբ բռնեցին գաղթի ճամփան ու ինքն արդեն միշտ ստիպված էր քնել ականջալուր այդ ձայներին, իսկևիսկ վտանգից փախչելու պատրաստ նապաստակի պես: Այդ գիշերն էլ բացառություն չէր: Այդ պատճառով, երբ լռության մեջ Արաքսի խշշոցն ընդմիջվեց տնքոցով, Սուսնուն արթնացավ և հասկացավ՝ Ալեքսանն է:
-Ալեքսան, ի՞նչ եղեր ի:
-Նանի ջան … էրվում իմ…
-Ամա՜ն, լուսս խավրի, վայթե սաթրջան ի,- մղկտաց Սուսնուն, ծունկի եկավ որդու մոտ, քնքշորեն գրկեց նրա գլուխը, դրեց ծնկներին, գոգնոցի ծայրով սրբեց ճակատի քրտինքը, ապա աղերսալից հայացքը հառելով աստղազարդ երկնքին, ջերմեռանդորեն սկսեց աղոթել…
Առավոտյան, երբ Գրիգորն արթնացավ, Սուսնուն նստած էր նույն դիրքով՝ գրկած որդու անշնչացած դին…
Հենց այդտեղ էլ՝ Արաքսի ափին թաղեցին Ալեքսանին …
Ցորենի պարկը շալակին վշտահար ու գլխիկոր քայլում էր Գրիգորն իր կնոջ, երկու որդիների ու դստեր հետ դեպի Անհայտը՝ ապագան, և չէր էլ պատկերացնում, որ հրեշի նման երախը բաց այդ ճանապարհը դեռ կուլ էր տալու իրեն, Սուսնուին և Աղավնուն…