a


Նորածին հոգին առաջին անգամ բացեց իր աչքերն ու զարմացավ. ինքը մենակ էր… Չորս բոլորը մարդիկ էին, բայց ինքը մենակ էր: Առաջինն, ում տեսավ, իր մայրն էր, որ նայում էր իրեն սիրով ու քնքշությամբ: Բայց միևնույնն է, նրա համբույրներն ու ջերմությունն անգամ ի զորու չէին ցրելու իր մենությունը. իր լացը հասկանալի չէր մոր համար, հետևաբար ինքը մենակ էր… Երբ մի քիչ մեծացավ, զգաց, որ իրեն սիրում են մայրը, հայրը, տատիկը, հարազատները և հոգին բացեց իր դռներն այդ սիրո առաջ այն հույսով, որ իրենից կվանի մահու չափ անտանելի այդ մենությունը: Բայց հոգու դռներից ներս սողացին նաև մարդկանց չարությունը, նախանձն ու ատելությունը… Եվ հոգին հասկացավ. նույնիսկ հարազատների սերը մենությունից փրկություն չէ ու պարփակվեց ինքն իր մեջ: Երբ սիրահարվեց, կարծում էր, որ վերջապես կփրկվի մենությունից: Բայց չնայած, որ ինքը սիրում էր, իրեն սիրում էին, միևնույնն է, ինքը մենակ էր, որովհետև իր մութ խորխորատներն ու անկյուններն արդեն ինքն էր վախենում մտնել, էլ ուր մնաց, որ որևէ մեկին դա թույլ տար… Երեխաներն էլ չփրկեցին մենությունից, քանի որ մեծացան, թև առան, թռան ու իրենց բույնը հյուսեցին: Եվ հոգին վերջապես գլխի ընկավ, թե որքան ճիշտ է ասված, որ մենք աշխարհ ենք գալիս մենակ, ապրում ենք մենակ և մեռնում ենք մենակ… Այս վերջինի մեջ թերևս հոգին դեռ պետք է համոզվեր ապագայում…