a Shushan Vardanian so9
business logo business logo
business logo
black line

BACK

fff

ՔԵՌԻՍ

Սենյակում հնչեց հեռախոսի զանգը։ Քեռիս էր։ Զանգը Մոսկվայից էր, որտեղ արդեն շատ վաղուց ապրում է քեռիս։ Նրա խնդրանքն ինձ փոքր–ինչ անսովոր թվաց։ Ես, համենայն դեպս, չէի լսել դեպի Արևմտյան Հայաստան տուրիստական այցելությունների մասին։ Իսկ քեռիս հաստատ որոշել էր անպայման լինել այնտեղ։ Խնդրում էր հետաքրքրվել և հնարավորության դեպքում ուղեգիր վերցնել։

Ինքնաթիռը Մոսկվայից ժամանեց փոքր–ինչ ուշացումով։ Ժամանողների համար նախատեսված միջանցքի ծայրին ուրվագծվեց քեռուս բարձրահասակ, մի քիչ նիհարավուն կերպարանքը, որ հայացքը հառած դիմավորողների բազմությանը՝ փորձում էր իրեն հարազատ դեմքերը գտնել։ Եղբայրս, որ ինձանից բարձրահասակ է, ձեռքով արեց։ Քեռիս նկատեց, ժպտաց և շարժվեց դեպի մեզ։ Այս անգամ նա ինձ ավելի ծերացած թվաց։ Քայլերը մի տեսակ երերուն էին. առողջական խնդիրներ ուներ։ Դե, ինքն էլ արդեն յոթանասունն անց էր։

Ուղեգիրը, որ մեծ դժվարությամբ էինք հայթայթել, նախատեսված էր յոթ օրվա համար։ Բայց ինձ ավելի շատ անհանգստացնում էր այն փաստը, որ քեռիս ողնաշարի հետ խնդիրներ ունենալով հանդերձ համարձակվում է ուղևորվել մի ճանապարհորդության, որի ամբողջ ընթացքում գտնվելու է ոչ այնքան հարմարավետ միկրոավտոբուսում։ Բացի այդ, հայկական տուրիստական խումբը պետք է այցելեր մի տարածաշրջան, որը ներկայիս Թուրքիայի ենթակայության տակ է, մի երկրի, որը Հայաստանի հետ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի, որի սահմանները փակ են Հայաստանի համար և այնտեղ մուտք գործել հնարավոր է միայն հարևան Վրաստանի տարածքով։

Տանը փորձեցի ետ պահել նրան, իմ կարծիքով, իր համար անխոհեմ այդ քայլից։

–Չէ, բալիկ ջան, ի՞նչ ես ասում,–առարկեց քեռիս,– մեռնելու էլ լինեմ, պիտի գնամ։ Ամբողջ կյանքում երազել եմ ծնողներիս ծննդավայրը տեսնել և դու ուզում ես, որ հրաժարվե՞մ։ Ո՜վ գիտի, գուցե այլևս այդպիսի հնարավորություն չունենամ...

Քեռիս մեկնեց։ Անհանգիստ սպասումների յոթ երկար ու ձիգ օրերից հետո, առավոտ կանուխ վերջապես դռան զանգն ավետեց քեռուս վերադարձը։ Դուռը բացեցի ու… Դեմքս երևի զարմանքից հիմարավուն արտահայտություն էր ստացել, դրա համար ներս մտնելով, դեռ դռների արանքում քեռիս կատակեց.

–Ե՛ս եմ, ե՛ս, ուրվական չեմ։– Քեռիս ասես տասը տարով երիտասարդացած լիներ։ Նույնիսկ արևայրուք էր ձեռք բերել։ Ներս եկավ վստահ, հաստատուն քայլերով։

–Բալիկ ջան, տես, թե ինչ թանկարժեք մասունքներ եմ բերել,– պայուսակից հաջորդաբար երկու փաթեթ հանելով՝ ուզեց իր հրճվանքն ինձ հետ կիսել քեռիս, – այ, մամայի համար հող եմ բերել Ալաշկերտից, իսկ պապայի համար՝ Վանից, վրաները գրել եմ, որ չշփոթեմ։ Սա էլ Վանա լճի ջուրն է,– շարունակեց նա պլաստիկե մի շիշ հանելով։– Բերել եմ, որ ծնողներիս գերեզմաններին շաղ տամ, որպեսզի հողը թեթև լինի նրանց համար։ Ախր կարոտը սրտում աշխարհից հեռացան... Բայց չես էլ կարող պատկերացնել, ի՜նչ հողեր ենք կորցրել,–հուզմունքով ավելացրեց նա և նրա աշխարհ տեսած աչքերում խտացավ և խտությունից խոնավացավ կորստի ցավը։

–Քեռի ջան, իսկ տառեխ, Վանա տառեխ կերա՞ք։

–Բա ո՞նց։ Վանա տառեխ էլ կերանք, Վանա լճում էլ լողացինք, Աղթամարում էլ եղանք։ Ափսո՜ս, որ պապիկդ այդ օրը չտեսավ…

Քեռիս լռեց։ Այդ լռությունն ավելի քան խոսուն էր։ Դրանում իր նախնիների արյան կանչն էր, իր ծնողների՝ հայրենիքի կարոտով ապրած տարիների հիշողությունը, որ բութ ատամնացավի նման տանջել էր ու շարունակելու էր տանջել իրեն... Այդպես են զգում իրենց, թերևս, եղեռնից մազապուրծ հայերի բոլոր սերունդները... Այդ օրն իսկ այցելեցինք տատիկիս ու պապիկիս շիրիմներին։ Մինչ եղբայրս կրակ էր վառում խնկարկման սովորական արարողությունն իրականացնելու համար, քեռիս կռացավ, ձեռքերով երկու փոսորակ փորեց այնտեղ, ուր ենթադրաբար պետք է ննջեցյալների գլուխները հանգչեին, բացեց հետը բերած փաթեթը, ակնածանքով հանեց հողով լցված փոքրիկ պարկերն ու վրայի մակագրությունը կարդալուց հետո հաջորդաբար լցրեց մոր և հոր գերեզմանների փոսորակներում։ Ապա հանեց Վանա լճից բերված ջուրը, բացեց շշի խցանն ու սրբորեն, ինչպես վանականը կցողեր օրհնված սրբազան ջրով, ցողեց ծնողների գերեզմանները։ Այդ արարողակարգը լուռ ու հանդիսավորությամբ ավարտելուց հետո քեռիս շրջվեց դեպի ինձ.

–Բալիկ ջան, ա՛յ, նո՛ր խիղճս հանգստացավ։ Հիմա գիտեմ, որ հողը թեթև կլինի հորս ու մորս համար։

Հաջորդ օրն առավոտյան քեռիս, ինչպես միշտ, առաջինն էր արթնացել։

–Երազումս հորս տեսա,– սովորական «բարի լույսից» հետո ավելացրեց նա,– ասաց. «Մոտ եկ, տղա՛ս, թո՛ղ աչքերդ համբուրեմ»։


BACK