a Shushan Vardanian so9
business logo business logo
business logo
black line

BACK

fff

ԿԱՐԱՊԸ

Դերձակուհի մայրիկիս աշխատավայրում ես հաճախ եմ լինում: Եվ հիմա ես կանգնած եմ նրա հաճախորդների համար նախատեսված մեծ հայելու առաջ, նայում եմ ինձ ու արցունքներս ինքնաբերաբար հոսում են այտերովս, որովհետև ինչպես միշտ նկատում եմ իմ բոլոր թերությունները. այնքան նիհար եմ, որ ասես թել լինեմ, համադասարանցիներս նույնիսկ ծաղրում են. «Ոտքերը մակարոն, թևերը վերմիշել»… Անհնազանդ մազերս դեզի են նման, ինչքան էլ որ հարդարում եմ, երբեք այն տեսքը չեն ունենում, ինչ կուզենայի, ականջներս չափից ավելի փոքր են, իսկ աչքերս՝ չափից ավելի խոշոր: Հոնքերս էլ մի այլ պատմություն են, այնքան խիտ են, ասես մեր հարևան Գյուլի տատի բանջարանոցը լինեն… Այդ մտքերից միշտ ուսերս ինքնաբերաբար կորանում են, ուզում եմ գետնի տակն անցնել, շրջապատում աննկատ մնալ ինչքան հնարավոր է… Մինչև ավարտական երեկոն երկու շաբաթ է մնացել… Գուցե չմասնակցե՞մ այդ ավարտական երեկոյին, միևնույնն է իմ բացակայությունը ոչ ոք չի էլ նկատի…

Հանկարծ բացվում է սենյակի դուռը և այն սենյակից, որը մայրիկս օգտագործում է որպես հաճախորդների հանդերձարան, դուրս է գալիս նրա հաճախորդուհին՝ Սեդան: Դեռևս անավարտ զգեստը հագին նա մոտենում է հայելուն, բայց նկատելով իմ դժբախտ կերպարանքը զարմացած կանգ է առնում ու հարցնում է.

-Սոնա ջան, ի՞նչ է պատահել:

Սեդային ես շատ եմ սիրում: Նա այնքա՜ն բարի է: Արդեն մի քանի տարի է, ինչ նա ոչ միայն մայրիկիս հաճախորդուհին է, այլև այնքան է մտերմացել, որ կարելի է ասել՝ ընկերուհին է, բայց երբեք չեմ լսել, որ որևէ մեկի մասին մի բացասական բան ասի: Նա մոտ երեսուն տարեկան է, ես համենայն դեպս այդպես եմ կարծում: Նա շատ գեղեցիկ է, բարձրահասակ, բարեկազմ, ձյունաճերմակ մաշկով, միշտ մոդայիկ հագնված, նույնիսկ օծանելիքի բույրն է յուրահատուկ և կարամել կոնֆետ է հիշեցնում: Իր ամբողջ էությամբ նա ասես քնքույշ և անուշահոտ ծաղիկ լինի, իսկ ձայնն այնքան նուրբ է, որ մեղեդու է նման:

- Ես այնքան տգեղ եմ… ինչո՞ւ եմ այսքան տգեղ,- փղձկում եմ ես, չկարողանալով զսպել ինձ: Սեդան գրկում է ուսերս, իսկ սենյակի դռան արանքում հայտնված մայրս անհանգստացած հայացքն ուղղում է ինձ.

-Սոնա ջան, ինչո՞ւ ես լաց լինում:

Մինչ ես կհասցնեի պատասխանել, Սեդան բռնում է կզակս, դեմքս մոտեցնում է հայելուն և բացականչում է.

-Սոնա ջան, մի քեզ լավ նայիր, մի՞թե դու տգեղ ես: Տես, թե ինչ գեղեցիկ, արտահայտիչ աչքեր ունես, խիտ մազեր, իսկ քիթդ ասես քանդակագործի ստեղծագործություն լինի, ուրիշները կերազեին այդպիսի քիթ ունենալ:

-Ո՜չ, ո՜չ ես տգեղ եմ,-համառում եմ ես:

Մայրս ու Սեդան բազմանշանակ միմյանց են նայում:

-Լավ, արի պայմանավորվենք: Մենք վաղը միասին մի տեղ կգնանք ու դու կհամոզվես, որ իսկապես գեղեցիկ ես: Հա, այն ծաղկավոր զգեստը կհագնես, որ մայրիկդ վերջերս է քեզ համար կարել,-ավելացնում է Սեդան,- դա քեզ շատ է սազում:

Սեդայի հետ պայմանավորվել ենք հարևան փողոցում գտնող «Կարապ» գեղեցկության սրահի մոտ: Այդ սրահում, ուր ես երբևէ չեմ եղել, վարսավիրները, դիմահարդարները և նույնիսկ տեխնիկական աշխատողն ըստ երևույթին Սեդային շատ լավ ճանաչում են, մտերմիկ ժպտում են, ողջունում:

-Սա Սոնան է,-ներկայացնում է ինձ Սեդան,- այնպես արեք, որ իրեն անճոռնի ճուտիկ երևակայող մեր Սոնան այստեղից որպես կարապ դուրս գա,-կատակում է նա:

-Բայց նա իրոք կարապի նման երկար ու գեղեցիկ վիզ ունի: Հիմա մի այնպիսի սանրվածք կանենք, որն ավելի կընդգծի դա,-վարպետ վարսավիրն արհեստավարժ շարժումներով սանրում է խոտի դեզ հիշեցնող մազերս ու անցնում գործի: Հայելու մեջ արտացոլվող իմ կերպարանքն աստիճանաբար կերպարանափոխվում է: Ես արդեն սևահեր չեմ, այլ համարյա շիկահեր, մազերս ուղիղ են, իսկ սանրվածքը, որ կառե է կոչվում, կարծում եմ, իսկապես սազում է ինձ: Մինչ վարսավիրը «կախարդում» է իմ կերպարանքը, Սեդան դիմահարդարի հետ քննարկում է իմ դիմահարդարման ռազմավարությունն ու մարտավարությունը: Հիմա էլ արդեն դիմահարդարի հերթն է…

-Գնա՞նք սրճարան,-առաջարկում է Սեդան, երբ դուրս ենք գալիս գեղեցկության սրահից: Ես համաձայնվում եմ: Մենք քայլում ենք փողոցով ու ինձ թվում է, թե բոլոր անցորդներն ինձ են նայում հիացական հայացքով: Իսկ գուցե դա ոչ թե միայն թվում է, այլ իրականում այդպես էլ կա՞: Բայց հնարավոր է ոչ թե ինձ, այլ Սեդային են ուղղված այդ հիացական հայացքները: Ոչ, կարծես թե ինձ են նայում: Այո, իհարկե ինձ են նայում: Մեջս մի տեսակ հպարտության ալիք է բարձրանում, որն ինձ համար վախեցնելու չափ արտասովոր է: Կորացած ուսերս ինքնաբերաբար ուղղվում են, կզակս մի քիչ վեր է բարձրանում ու երբ հայացքս ընկնում է մոտակա խանութի ցուցափեղկի ապակուն, հանձին իս ես տեսնում եմ քիթը ցցած մի գեղեցկուհու: Մի՞թե դա ես եմ: Այո՜, ես գեղեցի՜կ եմ, շա՜տ գեղեցիկ…

Սրճարանն այնքան էլ մարդաշատ չէ: Անկյունի սեղանի մոտ մի երիտասարդ զույգ է նստած: Երևի ամուսիններ են, որովհետև կինը հղի է: Նրանցից երկու սեղան այն կողմ միջին տարիքի երեք կանայք են նստած, իսկ անմիջապես կողքի սեղանին՝ մի տղամարդ, ով մատների արանքում չվառված մի գլանակ է պահել և ասես տատանվում է, ծխե՞լ, թե՞ չծխել: Մենք տեղավորվում ենք առաջին պատահած ազատ սեղանի մոտ, սուրճ և խմորեղեն ենք պատվիրում: Մինչ պատվերը կբերեին, մենք հանդարտ զրուցում ենք: «Սոնա ջան, մեկընդմիշտ հիշիր,-ասում է Սեդան,-մարդիկ քեզ ընկալում են այնպես, ինչպես դու ինքդ, միշտ հիշիր, որ գեղեցկությունը քո ներսից է գալիս»: Հետո Սեդան իր դպրոցական կյանքից մի քանի ծիծաղելի դրվագներ է պատմում, ինչից ես եզրակացնում եմ, որ իմ տարիքում ինքն էլ նույն ապրումներն է ունեցել: Ա՜յ քեզ զարմանք, ով կմտածեր, որ Սեդան էլ…

Ամուսնացած զույգը փակում է հաշիվն ու համարյա գրկախառնված դուրս է գալիս սրճարանից: Քիչ անց ներս են մտնում չորս երիտասարդներ, որոնցից մեկն իմ համադասարանցին է՝ Արգամը, իսկ մյուս երեքին ես չեմ ճանաչում: Նրանք տեղավորվում են մեր դիմացի սեղանի շուրջ: Ես չգիտեմ, բարևե՞լ Արգամին, թե՝ ոչ, որովհետև վերջին երկու տարվա ընթացքում, երբ նա տեղափոխվեց մեր դասարան, նա ընդհանրապես ինձ չի նկատել, ոչ մի անգամ նույնիսկ իմ կողմը չի էլ նայել, ասես ես բոլորովին գոյություն չեմ ունեցել: Իսկ հիմա դեմառդեմ նստած ոչ միայն իր հիացական հայացքն ինձանից չի հեռացնում, այլև ամեն ինչից երևում է, որ ընկերների հետ ինձ են քննարկում, որովհետև մյուսները ևս մերթընդմերթ շրջվում և նայում են ինձ: Ես ժպտում եմ Արգամին, վերջին հաշվով չէ՞ որ նա իմ դասընկերն է: Նա ի պատասխան նույնպես ժպտում է մի տեսակ ամոթխած ժպիտով, որն ինձ ճիշտն ասած զարմացնում է, քանի որ դա բոլորովին նրան նման չէ: Նա սովորաբար շատ ինքնավստահ է, գիտի, որ աղջիկներին դուր է գալիս և մեր դասարանի աղջիկների մեջ մի տեսակ մրցակցություն կա նրա ուշադրությունը գրավելու համար:

Անսպասելիորեն զնգում է սեղանին դրված Սեդայի հեռախոսը: Նա փորձում է պատասխանել, բայց լսելիությունն այնքան վատ է, որ ստիպված վեր է կենում և խոսելու համար դուրս է գալիս սրճարանից: Արգամն ասես հենց դրան էր սպասում: Նա շատ վճռականորեն բարձրանում է աթոռից և շարժվում դեպի ինձ, բայց հասնելով մեր սեղանին մի տեսակ կարկամած կանգ է առնում: Փորձում է խոսել, բայց դրա փոխարեն ջրից դուրս նետված ձկան նման միայն բացուխուփ է անում բարակ շուրթերի պատճառով խմորեղենի ճեղք հիշեցնող բերանն ու ճպճպացնում է աչքերը: Նրա տեսքն այնքան զավեշտական է, որ ես ակամա ծիծաղում եմ…

-Ըըը, նեերեեցեե՜ք,- կմկմում է Արգամը,- կաարեելի՞ է Ձեզ հետ ծանոթանալ:

Ա՜յ քեզ բան, Արգամն ինձ ոչ միայն չի ճանաչել, այլև ուզում է ինձ հետ ծանոթանալ, բայց դա էլ բավական չէ՝ նա ինձ է նայում համարյա սիրահարված աչքերով: Մի՞թե այդպիսի բան հնարավոր է: Չգիտեմ, թե ինչ պատասխանել, ասե՞լ, որ իր համադասարանցին եմ, թե՞ ներկայանալ որպես անծանոթ գեղեցկուհի: Ոչ, կեղծել ես չեմ կարող և ուղղակի արտաբերում եմ.

-Արգա՞մ:

Նա անակնկալի է գալիս, ամեն ինչից երևում է, որ փորձում է վերհիշել, թե երբ կամ որտեղ է հանդիպել ինձ:

-Մենք ծանո՞թ ենք… Չի կարող պատահել: Այսպիսի գեղեցկուհուն ես չէի կարող մոռանալ:

Ես հազիվ եմ զսպում փռթկոցս և անմեղ տեսք ընդունելով հարցնում եմ.

-Դու Մարտիրոսյան Արգամը չե՞ս 10ա դասարանից:

-Դուք հեռուստատեսությունից եք և սա թաքնված տեսախցի՞կն է,- ամեն ինչից երևում է, որ Արգամը տարակուսանքի մեջ է, իսկ ես արդեն չեմ կարողանում ծիծաղս պահել և համարյա քրքջալով հազիվ արտասանում եմ.

-Ի՞նչ թաքնված տեսախցիկ: Դու ինձ ինչ է, չե՞ս ճանաչում: Ես քո համադասարանցին եմ՝ Սոնան:

Այն, ինչ կատարվում է Արգամի հետ, դժվար է նկարագրել: Նա մերթ կարմրում է, մերթ գունատվում, ճակատին քրտինքի կաթիլներ են հայտնվում, ինձ է նայում ոչինչ չհասկացող հայացքով, շրջվում է որպեսզի ետ դառնա իր տեղը, բայց տեսնելով այս ամենին ուշիուշով հետևող իր ընկերներին, նորից շրջվում է դեպի ինձ, կարծես ուզում է ինչ-որ բան ասել, բայց դարձյալ ձկան նման բացուխուփ է անում բերանը…

-Սոնա ջան, բա՞ն է պատահել,- ետևից կողմից մոտենալով հարցնում է Սեդան:

-Սեդա, ծանոթացիր, սա մեր դասարանի Արգամն է, պարզապես ուզում էր ինձ հետ ծանոթանալ,-ծիծաղում եմ ես:

Սեդան հասկանում է տեղի ունեցածն ու ժպտալով ձեռքը մեկնում է Արգամին.

-Ուրախ եմ ծանոթանալու համար:

Արգամը նույնպես սեղմում է Սեդայի ձեռքն ու թախանձագին հայացքն ուղղելով դեպի ինձ դողդոջուն ձայնով խնդրում է.

-Սոնա… Սոնա ջան, խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում, մեր դասարանցիներին այս մասին չպատմես…

-Իհարկե, Արգամ,- մեծահոգաբար համաձայնվում եմ ես:

Արգամը դանդաղ հեռանում է, իսկ Սեդան մեղմ ժպտում է ինձ.

-Հիմա համոզվեցի՞ր, որ իսկապես գեղեցկուհի ես…


BACK