a


Կան օրեր, երբ ուզում ես առանձնահատուկ տեսք ունենալ: Ինձ համար այսօր հենց այդպիսի օր է: Դպրոցն ավարտելու տասնամյակի կապակցությամբ համադասարանցիներս երեկո են կազմակերպել: Այսօրվա երեկոյին ես պատրաստվել եմ հավուր պատշաճի: Ինձ համար, ինչպես մեծն Կոկո Շանելը կասեր, փոքրիկ սև զգեստ եմ գնել, համապատասխան կոշիկներ, իսկ պայուսակս ուղղակի գլուխգործոց կարելի է համարել: Ուղիղ մեկ շաբաթ տասնյակ կիլոմետրեր անընդմեջ կտրելով շրջում էի խանութներում մինչև գտա այն, ինչ պետք է: Բնական է, որ այդ բոլորին համահունչ սանրվածք էլ էր անհրաժեշտ և ես վարսահարդարումս վստահել եմ ոչ թե պատահական վարսավիրի, այլ քաղաքում անուն վայելող վարպետ Տիգրանին: Դիմահարդարումը նույնպես ինքս չեմ արել, այլ նույն գեղեցկության սրահի նույնքան հայտնի դիմահարդարը: Պետք է ասեմ, որ թեև այդ գեղեցկության սրահը էժաններից չէ, բայց դա ինձ համար այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ ես հիմա կանգնած եմ միջանցքի զգեստապահարանի հայելու առաջ և մինչ պատվիրված տաքսին կհասնի պատվիրատուին, այսինքն՝ ինձ, որոշել եմ մի վերջին քննախույզ հայացք գցել իմ առանց այն էլ անբասիր արտաքինին:
-Մա՜մ, ինչ սիրուն ես,- հիացած աչուկներով ինձ է նայում դստրիկս:
-Տես, շատ չխմես,- քնքշանքով լի հիացական հայացքն ինձ ուղղելով կատակում է ամուսինս՝ Համլետը և սեփականատիրոջ պես գրկելով ուսերս՝ համբուրում է այտերս:
…..
Ռեստորանի առաջ ինձ դիմավորում է Դոնարան: Երկնագույն երեկոյան զգեստն ուղղակի հիասքանչ կերպով ընգծում է նրա երկնագույն աչքերի գեղեցկությունը, որոնք ինձ ժպտում են մանկությունից ծանոթ մտերմիկ հայացքով: Մենք ողջագուրվում ենք և աստիճաններով բարձրանում դեպի սրահ: Արդեն տաս տարի է, ինչ ես Հայաստանում չեմ եղել, մեկնել եմ ավարտելուց գրեթե անմիջապես հետո, և անկեղծորեն՝ շատ եմ կարոտել իմ համադասարանցիներին:
-Մի՜ տեսեք, թե ում եմ բերել-, բացականչում է Դոնարան, երբ մենք մտնում ենք սրահ:
-Անի՞, Անի դո՞ւ ես:
Ես միանգամից հայտնվում եմ բոլորի ուշադրության կենտրոնում: Ինձ շրջապատում են, հաճոյախոսում, հերթով գրկում, համբուրում: Տաս տարին ասես անէանում է ու ինձ վերադարձնում դեպի դպրոց, դեպի անհոգ մանկություն:
-Անի, դու բոլորովին չես փոխվել, առաջվա պես գեղեցկուհի ես-ասում է Արուսյակը:
-Չհաշված, որ մի քիչ գիրացել ես,-ավելացնում է Մարգարիտը:
Դե իհարկե, Մարգարիտն անպայման ինձ մի թունոտ կամ տհաճ բան պետք է ասի: Ես չէի էլ կասկածում: Առանց դրա Մարգարիտն ասես Մարգարիտը չլինի: Այս երկուսն ինձ միշտ հիշեցրել են հոլիվուդյան ֆիլմերի լավ ու վատ ոստիկաններին, որոնցից մեկն իբր միշտ բարի է, իսկ մյուսը՝ չար: Իհարկե, այդ տանդեմում գլխավորը Մարգարիտն է: Նա միշտ գերազանցիկ է եղել, ուսուցիչների սիրելին և ուրիշներին միշտ էլ մի տեսակ վերևից է նայել: Նրա արհամարհական, սուր լեզվի թիրախում ոչ ոք դասարանում չէր ուզում հայտնվել: Բոլորը ոչ այն է վախենում, ոչ այն է ակնածում էին նրանից: Նա միշտ անբասիր և ճաշակով է հագնվել: Հիմա էլ այս սրահում գտնվող իմ դասընկերուհիներից նա թերևս ամենագրավիչն է: Իսկ Արուսյակը, դե նա միշտ էլ Մարգարիտի կողքին գորշ մկնիկի է նմանվել, որն ասես մի տեսակ աքսեսուարի դեր է կատարել, արբանյակի նման միշտ ուղեկցել է նրան:
Խնջույքի սեղանն այնքան ախորժելի տեսք ունի, որ ես միանգամից ինձ քաղցած եմ զգում: Մյուսներն էլ կարծես թե ախորժակի պակաս չունեն: Եվ միմյանց հաջորդող կենացների արանքում հառնում են հիշողությունները: Հիշում ենք մեր ուսուցիչներին, ներկա և բացակա ընկերներին, մեր արկածներն ու մանկական չարաճճիությունները: Իսկ երբ ռեստորանի նվագախումբը սկսում է նվագել, դահլիճն ասես պարահրապարակի է վերածվում: Պարեղանակները հաջորդում են միմյանց: Ես ինքնամոռաց պարում եմ: Վաղուց այսքան թեթև ու անհոգ չեմ զգացել ինձ: Բայց երեկոն աննկատ գիշերանում է և ժամանակն է տուն վերադառնալու: Ես տաքսի եմ պատվիրում: «Գուցե Մարգարիտին էլ տուն տանեմ, չէ՞ որ կողքի շենքում է ապրում, համարյա հարևաններ ենք»-մտածում եմ ես և հայացքով փնտրում եմ նրան: Արուսյակը, Մարգարիտն ու Շողերը նստած են սեղանի մոտ այնպես, որ ես կարող եմ միայն ետևից մոտենալ: Երեքով աշխույժ ինչ-որ բան են քննարկում և մերթընդմերթ բարձր ծիծաղում են: Ինձ թվու՞մ է, թե՞ իսկապես իմ անունն եմ լսում: Աշխատում եմ աննկատ մոտենալ և…
-Տեսա՞ք Անին ինչքան է գիրացել, ասես ճարպագունդ լինի,- երեքով բարձր հռհռում են:
-Բա, որ ամուսնուն տեսնե՜ս: Ամուսինն ավելի բարձրահասակ է և բնականաբար ավելի գեր: Աղջիկն էլ պակասը չի, երեկ պատուհանից տեսա: Ասես երեք հաստլիկները լինեին…
-Հա՜, հա՜, հա՜,- ծիծաղում են:
Ես շանթահարված կանգ եմ առնում: Այս ի՞նչ է, մի՞թե ինձ նկատի ունեն… Իսկապե՞ս ես այդքան գիրացել եմ, թե Մարգարիտի մեջ դեռ նախանձն է խոսում ինչպես դպրոցական տարիներին…
…
Ես կանգնած եմ միջանցքի պահարանի հայելու առաջ և զննում եմ ինձ այնպես, ասես առաջին անգամ եմ տեսնում… Օ, աստվա՜ծ իմ, ես իսկապես սարսափելի գեր եմ, ոտքերս ասես գերաններ լինեն… Ոտքերս ի՜նչ, թևերս էլ գերաններ են, իսկ այտե՜րս… Երևի իմ մասին է այն հայտնի արտահայտությունը, թե այտերը ետևից են երևում: Ինչպես ես չէի էլ նկատել, որ ավազի ժամացույց հիշեցնող իրանս պարզապես գլան է դարձել… Դեռ առավոտյան ես ինձ գեղեցկուհի էի զգում, բայց հիմա… Սա ուղղակի խայտառակություն է, պետք է մի բան անել… Այո, ինձ շտապ նիհարել է պետք:
Վճռականությամբ լեցուն ես մոտենում եմ համակարգչին: Մեկը մյուսի ետևից կարդում, ուսումնասիրում եմ բազմազան դիետաներն ու խորհուրդները: Ահա այս մեկն ասես ոչինչ, վատը չէ: Հենց դա էլ կընտրեմ: Վերջ, վաղվանից ես սկսում եմ նիհարել:
-Անի՞, Անի ջան, ինչո՞ւ չես քնում,-կիսաքնի մեջ հորանջելով հարցնում է Համլետը: «Երևի միջանցքի լույսը խանգարում է»,- մտածում եմ ես, անջատում եմ լույսն ու մտնում անկողին: Պառկել եմ, բայց քունս չի տանում: Վախենում եմ որևէ շարժում անել, որպեսզի Համլետին չարթնացնեմ: Իսկ եթե հանկարծ դիետաները չօգնե՞ն: «Ի՞նչ անել - այս տենդագին միտքն է անընդհատ պտտվում գլխումս - աստված ջան, խնդրում եմ, օգնիր ինձ, այնպես արա, որ կարողանամ նիհարել»:
Արդեն լուսանում է, իսկ ես ամբողջ գիշեր ոչ այն է քնած էի, ոչ այն է՝ արթուն: Չէ, միևնույնն է, այլևս չեմ կարողանալու քնել: Կիսամութի մեջ ես երկարացնում եմ ձեռքս ու մահճակալի կողքի աթոռի թիկնակից վեցնում եմ ջինսե տաբատս: Սովորականի պես ոտքերս մտցնում եմ փողքերի մեջ, կանգնում եմ, վեր եմ քաշում տաբատս, փորձում եմ կոճկել ու… Ա՜յ քեզ բան, տաբատն այնքան է լայնացել, որ եթե ձեռքս թողնեմ, պարզապես ցած կընկնի: Ինչպե՞ս կարող էի մի գիշերում ես այդքան նիհարել: Այս ի՞նչ է, հիվանդությո՞ւն: «Աստված ջան, մի՞թե ինձ այնպիսի հիվանդություն ես տվել, որ ես միանգամից այդքան շատ նիհարել եմ, իհարկե, ես քեզ խնդրել էի այնպես անել, որ նիհարեմ, բայց ախր ոչ այսքան»: Այս հիվանդությունը գուցե՞ մահացու է… Այդ մտքից ես ուղղակի խուճապի եմ մատնվում: Վախից, տագնապից ու էլի անորոշ այլ զգացումներից սիրտս նվաղում, ոտքերս թուլանում են: Ուզում եմ արթնացնել Համլետին… Այս պահին ինձ հենարան է պետք, իսկ Համլետն այնքան լավ է կարողանում ինձ նեցուկ լինել: Բայց նա այնքան քաղցր քուն է մտած, որ չեմ համարձակվում: Հազիվ զսպելով փղձուկս, մի ձեռքով տաբատս բռնած, իսկ մյուսով մի կերպ դուռը բացելով ես դուրս եմ նետվում սենյակից, վառում եմ միջանցքի լույսն ու… Պահարանի հայելու միջից ինձ է նայում արտասվախառն դեմքով իմ կրկնօրինակը, բայց նրա հագին չգիտես ինչու ոչ թե իմ, այլ՝ Համլետի տաբատն է…
Ի՜նչ հիմարն եմ ես: «Շնորհակա՜լ եմ, տեր աստված: Ուրեմն ես ոչ մի հիվանդություն էլ չունեմ»: Մեջս ուրախության մի այնպիսի ալիք է բարձրանում, որ բոլոր ապրումներս միանգամից ի չիք են դառնում: Իսկ իմ հայելային կրկնօրինակն այնքան ծիծաղելի է թվում, որ ես ակամա բարձրաձայն քրքջում եմ:
-Անի՞… Անի ջան, տաբատս չե՞ս տեսել,- սենյակից վարտիքով դուրս է գալիս Համլետն ու զարմանքով նայում է մեկ ինձ, մեկ իր տաբատին: Ժպտում է, որովհետև իրոք շա՜տ ծիծաղելի տեսք ունեմ:
- Համլետ ջան, կներես, որ արթնացրեցի քեզ…
-Անի, քեզ ի՞նչ է եղել:
Չգիտեմ, թե ինչ պատասխանել: Պատմե՞լ գիշերային իմ ապրումների մասին, թե ոչ: Հասկանում եմ, որ նրան տարօրինակ է թվում, թե ինչու եմ ես իր տաբատով, ինչու արտասվախառն աչքերով, բայց ծիծաղում եմ: Բնական է, ամեն մեկին էլ դա տարօրինակ կթվար: Ինձ հետ կատարվածն այնքան անհեթեթ է, որ եթե ինձ հետ չլիներ, այլ ուրիշի, ես նրան պարզապես խելապակաս կհամարեի:
-Համլետ, ճիշտն ասա, ես շա՞տ եմ գիրացել:
-Չէ, Անի ջան, ինչ է, չե՞ս տեսնում, դու նույն գեղեցկուհին ես, ինչ տաս տարի առաջ, երբ մենք հանդիպեցինք: Դեռ հիմա ավելի գեղեցիկ ես,- ավելացնում է նա:
Համլետն ասես հասկացել է ամեն ինչ: Նա մոտենում է ինձ, գրկում է և քնքշորեն համբուրում այնպես, ինչպես նեղացած երեխային: Ես ձեռքերով օղակում եմ նրա վիզը և այդ պահին Համլետի տաբատն ուղղակի ցած է սողում վրայիցս:
-Դե, իսկ հիմա տաբատս կտա՞ս-ծիծաղելով հարցնում է նա:
Ես կռանում եմ, հատակից վերցնում եմ տաբատն ու մեկնում Համլետին, իսկ նա վերցնելով այն, մտնում է ննջարան:
Ես կանգնած եմ միջանցքի հայելու առաջ և զննում եմ հայելու մեջ արտացոլված իմ կրկնօրինակին: Նա շատ գեղեցիկ է, երկար ոտքեր, սլացիկ, համաչափ մարմին, խոշոր սևորակ աչքեր, հյութեղ շրթունքներ… Մի՞թե սա ես եմ: Ա՜յ քեզ զարմանալի բան, ես բոլորովին էլ չեմ գիրացել: