a


Նիկոլը՝ Մարքրիտի ամուսինը, զինվորագրվել էր ռուսական բանակին և վերջին անգամ նրան տեսել էին Բաթումում: Թերևս, դա էր պատճառը, որ երբ Մարքրիտը բռնեց գաղթի ճամփան, առաջն արեց իր սիրելի Խորոտ անունով կովն ու ուղևորվեց ոչ թե դեպի Հայաստան, այլ հենց Վրաստան: Բայց հո չէ՞ր կարող եղբայրը՝ Գրիգորը, իր թանկագին միակ քրոջը մենակ թողնել: Դրա համար էլ իր երկրորդ որդուն՝ տասնհինգամյա Մխիթարին ուղարկեց հորաքրոջ հետ՝ ապսպրելով հորաքրոջը ողջ ու առողջ տեղ հասցնել:
Մխիթարին առաջին անգամ էին նման պատասխանատու գործ հանձնարարում և նա հպարտ էր, որ իրեն վերաբերվում են ոչ թե որպես երեխայի, այլ որպես հասուն տղամարդու, ով ճանապարհին պետք է պաշտպաներ ոչ միայն հորաքրոջ կանացի պատիվն, այլև նրա ողջ ունեցվածքը, որ բաղկացած էր մեկ-երկու հագուստից, մի քանի միմյանց կարված լաթերից, որ ոչ այն է վերմակ էր, ոչ այն է ներքնակ, ավելի ճիշտ՝ հարկ եղած դեպքում և ներքնակ էր, և վերմակ, մի ծռմռված, մրոտ կաթսայից և իհարկե, Խորոտ կովից:
Ողջ ճանապարհին Խորոտ կովն առանձնահատուկ հոգածության առարկա էր: Բնական է, չէ՞ որ հիմա Մարքրիտի ու նրա եղբորոդու միակ կերակրողը հենց նա էր: Ճանապարհին հանդիպած գյուղերում նրա կաթը փոխանակում էին հացի, պանրի, երբեմն նաև ձվի ու կարագի հետ:
-Մխիթա՛ր, Խորոտ հոգներ ի, կանգ առ,- ժամանակ առ ժամանակ հնչում էր հորաքույր Մարքրիտի ձայնը: Որպես կանոն դա կամ հանդիպած աղբյուրի մոտ էր լինում, կամ խոտաշատ մարգագետնի: Նրանք կանգ էին առնում, Մարքրիտն իր փոքրիկ բոխչայից հանում էր այն ծաղկավոր գլխաշորը, որ ճանապարհին իբրև սփռոց էին գործածում,փռում էր գետնին, վրան շարում հայթայթած սնունդը, մինչ Մխիթարը Խորոտին կտաներ ջուրը կամ կկապեր խոտառատ տեղում: Իսկ Խորո՜տն էլ հո ամենաիսկական խորոտ էր, իսկ և իսկ՝ անվանը համապատասխան: Տեսնելու բան էր, թե ի՜նչ նազանքով էր քայլում, սեփական գերազանցության և արժանապատվության ի՜նչ զգացումով: Բա ճակատի սպիտակ խա՜լը…Մի խոսքով, մի իսկական գեղեցկուհի, որ աշխարհին էր նայում ամեն ինչ հասկացող, համարյա մարդկայնորեն խելացի իր աչքերով:
-Իսա կով խելքի տոպրակ ի,- ժամանակ առ ժամանակ զարմանում էր հորաքույր Մարքրիտը, հատկապես, երբ շունչները պահած ստիպված էին թաքնվել թուրք ասկյարներից, և կովն էլ իրենց հետ մարաղ էր անում իսկական մարդու պես:
Հորաքույր Մարքրիտը թեև գեղեցիկ չէր, բայց անսահման բարի էր ու կարեկից: Պատառը նրա կոկորդով չէր անցնի, եթե տեսներ իրենց նման անտուն ու խեղճ այլ գաղթականների, ովքեր նույնիսկ ցամաք հաց իսկ չունեին ուտելու: Նման դեպքերում նա անպայման լավաշի մեջ փաթաթում էր ձեռքի տակ եղած ուտելիքից ու եղբորորդուն ապսպրում.
-Մխիթա՛ր, իդա լաճ անոթի ի, իսա բրդուճ տուր ուտա,-և համարյա միշտ էլ հառաչելով ավելացնում էր,- մի տանու չէլանք, համա մի խալի էլանք:
Երբ հասան Թիֆլիս, փորձեցին ապաստան գտնել հայկական եկեղեցում: Եկեղեցու բակը լի էր իրենց նման գաղթականներով, անգամ ասեղ գցելու տեղ չկար: Այդ պատճառով էլ, երբ եկեղեցու սպասավորը տեսավ Խորոտին, կարգադրեց անմիջապես հեռացնել կովին՝ մանավանդ որ գաղթականներն անընդհատ գալիս էին ու գալիս:
Այդ գիշեր անցկացրեցին եկեղեցու պարսպի տակ ու երբ լուսացավ, հորաքույր Մարքրիտն իր սրտի ցավով կայացրած վճիռը հաղորդեց եղբորորդուն: Այդ վճիոն իսկական դատավճիռ էր Խորոտի համար: Մարքրիտը որոշել էր վաճառել իր սիրելի կովը և ստացած փողով գնացքի տոմս գնել մինչև Բաթում: Իհարկե, Խորոտն իր համար թանկ էր, բայց հո իրենից ու եղբորորդուց թանկ չէ՞ր: Հետո էլ ինչպե՞ս էին նրան կերակրելու այդ մեծ, մրջնանոցի նմանվող քաղաքում, հո չէ՞ր կարող Մխիթարն ամեն օր քաղաքից դուրս արածելու տանել: Բացի այդ, իրենց հիմնական նպատակն իր ամուսնուն՝ Նիկոլին գտնելն էր: Այս արդարացումներով էլ ճանապարհին իրենք իրենց համոզելով՝ Մարքրիտն ու Մխիթարը հասան շուկա: Գնորդները մոտենում էին, զննում Խորոտին, փորձում սակարկել, բայց Մարքրիտն ամեն անգամ հրաժարվում էր վաճառել, ոչ մեկին արժանի չէր համարում,ասես ոչ թե գնորդ, այլ փեսացու էր փնտրում իր Խորոտի համար:
Վերջապես, երկար սակարկելուց հետո վաճառեցին Խորոտին: Գնորդը մի վրացի գյուղացի էր, որ պարզսիրտ ու բարի մարդու տպավորություն էր թողնում: Մարքրիտը գրկեց իր սիրելի կովի վիզը, համբուրեց խելացի աչքերը և հետո երկար ու հուզմունքով նայում էր, թե ինչպես է նա հեռանում իր նոր տիրոջ հետ՝ իր նազանի քայլվածքով: Երբ նրանք արդեն անհետացան իրենց տեսադաշտից, Մարքրիտը վաճաոքից ստացած ոսկեդրամները թաշկինակի մեջ խնամքով կապելով և զգեստի ներքին, գաղտնի գրպանում տեղավորելով՝ դարձավ եղբորորդուն.
-Մկա, կայարան էրթըլու վախտն ի:
Տոմսը հաջորդ օրվա համար էր: Գնացքը շարժվելու էր կեսօրին և տոմսավաճառը նկատի ունենալով, որ ապագա ուղևորները խեղճ գաղթականներ են, որոնք բնականաբար ժամացույց չունեն, տոմսը նրանց հանձնելիս խիստ պատվիրել էր չուշանալ: Դրա համար էլ, երբ մթնշաղին վերադարձան եկեղեցու պատի տակ և իրենց համագյուղացի Կրպոյից վերցրեցին Մարքրիտի ողջ ունեցվածքը, որ պահ էին տվել նրան մինչ կվաճառեին Խորոտին, անմիջապես գետնին փռեցին լաթերից կարված ներքնակ-վերմակը ու քուն մտան այն հաստատ մտայնությամբ, որ չուշանալու համար անհրաժեշտ է կայարան գնալ առավոտ- կանուխ:
Լուսաբացին Մխիթարին արթնացրեց աջ այտին զգացած ինչ-որ թաց առարկայի հպումը: Երբ բացեց ապշահար աչքերը, մի պահ թվաց, թե երազում է, որովհետև իր դեմքին վախեցնելու աստիճանի մոտ տեսավ Խորոտի դունչը: Նրա ակամա ճիչն արթնացրեց նաև հորաքրոջը, ով պակաս զարմացած չէր տեղի ունեցածից: Առաջին պահի զարմանքին անմիջապես հաջորդեց ուրախությունը, ինչպես լինում է, երբ հանդիպում են վաղուց կորցրած հարազատին. ա՜յ քեզ խելացի կով, կարողացել է անծանոթ քաղաքում գտնել ճանապարհն ու վերադառնալ իրենց մոտ… Բայց հաջորդ վայրկյանին իսկ Մարքրիտի ծաղկատար դեմքին զայրույթ հայտնվեց.
-Խռպուկ-գոթեցուկ, հորի՞ չես կռնա քու մալ պահի,-զայրույթն ուղղված էր վրացի գյուղացու դեմ, ումից կարողացել էր փախչել Խորոտը,-մկա իմա՞լ գտնինք իդա մարդ,- դեմքը Մխիթարի կողմը շրջեց Մարքրիտը:
Ստիպված, Խորոտին կրկին առաջներն արած բռնեցին դեպի շուկա տանող ճանապարհն այն հույսով, որ գուցե կովը կորցրած գյուղացին այնտեղ կլինի: Տեղ հասնելուն պես պարզ դարձավ, որ նրան փնտրելն անհույս գործ է, մինչդեռ գնացքից ուշանալն արդեն միանգամայն իրատեսական հեռանկար էր դառնում: Ի՞նչ անել: Հո չե՞ն կարող Խորոտին այդտեղ անտեր թողնել ու մեկնել: Ոչ էլ կարող են իրենց հետ տանել: Ուրեմն միակ ելքն այն է, որ նրա համար նոր տեր գտնեն: Ժամանակը սուղ էր… Մարքրիտն անգամ չփորձեց էլ սակարկել…
Տարիներ անց, երբ այդ օրերի խռովահույզ ապրումներն արդեն վաղուց հուշեր էին դարձել և գաղթից անդին միմյանց վերգտած հարազատներն ուրախ առիթներով հավաքվում էին, Մարքրիտն ու Մխիթարն իրար աչքով էին անում ու մեկը մյուսին հերթ չտալով, արդեն ծիծաղելով՝ պատմում այն զվարճալի պատմությունը, թե ինչպես հանգամանքների բերումով երկու անգամ վաճառեցին Խորոտին և երկրորդ անգամ արդեն այդ գումարով կարողացան նաև ուտելիք գնել:
Ահա թե ինչպես Խորոտ կովը, որ իր տերերի նման գաղթականի ճակատագրին արժանանալով նրանց հետ կիսել էր գաղթի արհավիրքն ու դժվարությունը, անձնազոհ հարազատի պես հերթական և արդեն վերջին անգամ սովի ճիրաններից փրկեց նրանց…