a


Աչքերս փակ՝ ես լողում եմ․․․ Բայց այս ակվարիումն ասես գնալով նեղանում է։ Ոտքերս, գլուխս, մարմնիս մյուս մասերն անընդհատ դիպչում են ակվարիումի փափուկ պատերին։ Մեկ-մեկ այնքան եմ ուզում ազատվել այդ անտանելի նեղվածքից, բայց չգիտեմ թե ինչ անել․․․Թեև աչքերս փակ են, բայց ականջներս ամեն-ամեն ինչ լսում են։ Փափուկ պատերից այն կողմ մի կանացի ձայն ինձ միշտ քնքույշ խոսքեր է ասում։ Ասում է, որ սիրում է ինձ, որ անհամբեր սպասում է։ Իսկ ես չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս փափուկ ակվարիումից դուրս գալ․․․ Ես նույնիսկ չգիտեմ, ուզո՞ւմ եմ արդյոք դուրս գալ։ Ախր այստեղ ինձ այնքան պաշտպանված եմ զգում․․․ Իսկ այնտեղ՝ ակվարիումից դուրս տեսնես ի՞նչ կա․․․ Չգիտեմ, չգիտեմ․․․ այդ հարցն ինձ միշտ հուզում է, բայց նաև տագնապի մեջ է գցում․․․
․․․Վա՜յ, այս ինչ է կատարվում․․․ Ակվարիումի պատերն ասես թշնամացել են հետս։ Սեղմում են, ճզմում են, ցավեցնում են, ասես էլ չեն ուզում ինձ պահել, ասես ուզում են ինձ դուրս մղել, բայց ո՞ւր․․․ Քնքույշ ձայնով կինը ճչում է․․․ Մի՞թե նրան էլ է այս զզվելի ակվարիումը ցավեցնում․․․ Չգիտեմ, չգիտեմ․․․ Ոչինչ չեմ հասկանում․․․ Հիմա ես մի նեղլիկ խողովակի մեջ եմ, որն ինձ խեղդում է, ճզմում է գլուխս, դեմքս, ուսերս․․․ Վախից, հուսահատությունից, ցավից ես ճչում եմ ու բացում եմ աչքերս․ «Բարև, աշխարհ» ․․․